ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում այցելել է ՌԴ զինված ուժերի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական մշակույթի և հանգստի զբոսայգու ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատրիոտ» զբոսայգու ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցևի և «Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի» նախագահ Միխայիլ Գալստյանի: Կողմերը փոխանակվել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական դաստիարակության փորձով՝ հայրենասիրության, քաղաքացիության և առողջ ապրելակերպի ձևավորման նպատակով:
Տոնոյանը բարձր է գնահատել ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը «Պատրիոտ» զբոսայգու հարթակում: Միխայիլ Գալուստյանը կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման իր փորձով և իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում այդ գործունեության հետագա համագործակցության և զարգացման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության մասին: