Ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար էական նշանակություն ունեն այն սկզբունքները, որոնցով նրանք պարտավոր են առաջնորդվել, երբ ընտրում են մեկին, ով ստանձնելու է պետության ղեկավարի կամ քաղաքապետի պատասխանատու առաքելությունը։ Մենք շարունակ բողոքում ենք ամեն ինչից՝ չհասկանալով, որ հենց մենք ենք փչացնում մեր երկիրը, երբ պետական նշանակության միջոցառումներին մասնակցելիս առաջնորդվում ենք անձնական շահերով։
Ներկա իշխանություններն ունեն բացարձակ իշխանություն։ Միակ բանը, որ նրանց պետք է երկրի արդյունաբերությունը վերականգնելու և պաշտպանական համակարգն անխոցելի դարձնելու համար, ընդամենը քաղաքական կամքն է։ Երևանի քաղաքապետի պաշտոնը նրանց բոլորովին պետք չէ պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։ Նրանք ձգտում են դրան միայն մի պատճառով՝ բավարարել հերթի կանգնած իրենց հարյուրավոր քայլամարտիկ ընկերների իշխանության անհագուրդ ծարավը՝ առանց քննարկելու, թե նրանք որքանով են համապատասխանում այդ պաշտոնների պահանջներին։
Ոչ միայն այսօր, այլև բոլոր ժամանակներում մարդիկ պետք է հասկանան, որ իշխանության եկած քաղաքական կուսակցությունը բան չունի անելու տեղական ինքնակառավարման մարմիններում, և դա զուտ մասնագիտական աշխատանք է։ Բացի այդ, եթե քաղաքապետը իշխանության մարդը չէ, ապա նա գիտի, որ կառավարությունը ուշադիր հսկում է իրեն, որ առաջին իսկ սխալի դեպքում ոտք կգցի և կհեռացնի աշխատանքից, և նա ստիպված աշխատելու է, արդյունք է ցույց տալու՝ հարկադրված լինելով իրեն շրջապատել խելացի և պրոֆեսիոնալ մասնագետներով։
Երկրորդ սկզբունքը՝ քաղաքապետը պետք է լինի այդ ոլորտում երկար տարիներ աշխատած մարդ, որն անգիր գիտի բոլոր խնդիրները, և նրան մի քանի ամիս պետք չի լինի գործերին և իրավիճակին ծանոթանալու համար, և հենց առաջին իսկ օրը կանցնի իր առաքելության իրականացմանը։
Երրորդ սկզբունքը՝ քաղաքապետը պետք է լինի մի մարդ, որն օժտված լինի վճռականությամբ ու համարձակությամբ, քանզի խանգարողները շատ են լինելու։ Բոլոր նրանք, ովքեր իրենց պատկերացնում էին քաղաքապետի պաշտոնում, առիթը բաց չեն թողնելու սևացնելու գործող քաղաքապետին՝ այդպիսով վրեժ լուծելով իրենց չստացված կարիերայի համար․․․
Ծանր է առաջնորդի խաչը, և այն ավելի դժվարակիր է դառնում մեր ազգային առանձնահատկությունների պատճառով։