«Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դուր չի գալիս այն իրողությունը, որ կառավարման համակարգում ՀՀԿ-ականներին փոխարինում են հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով: Ինքը բավական ուշադիր է հետևում Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությանը: Մի քանի օր առաջ էլ չէր դիմացել և հրապարակային խոսք էր ասել. «Նիկոլ Փաշինյան գրողն իր «երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը»: Ինչպես նաև նա վստահեցնում է. «Իսկական հեղափոխականը պետք է նմանվի աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության ՀՀԿ-ական՝ վերից վար կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»:«Ուշ եմ ասել, բավական մեղմ եմ ասել, ասել եմ՝ որպես մտահոգություն»,- Aгavot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը՝ հավելելով. «Պրոֆեսիոնալիզմը դրվել է մի կողմ, կարևորվում է միայն կուսակցական պատկանելությունը՝ ո՛վ է քայլել Նիկոլի հետ Գյումրիից մինչև երևան, Երևանում... մեջտեղում տուժում են պրոֆեսիոնալիզմն ու, բնականաբար, երկիրը»: Առայժմ ավելին ասել չի ցանկանում:
Այս ընթացքում բազմաթիվ քննադատություններ հնչեցին նաև ուռճացված աշխատակազմերի, ծախսերի մասով: Մի բան, ինչի համար, այդ թվում նաև ներկա իշխանավորները մեղադրել են ՀՀԿ-ական նախկին իշխանությանը: Այս հարցերն էլ չեն վրիպել Անահիտ Բախշյանի աչքից, բայց հիմա շատ բաների մասին չի ցանկանում հրապարակային խոսել, քանի որ, իր գնահատմամբ, ՀՀ ներկայիս իշխանությունները նաև «շատ լավ» բաներ են անում: Նկատի ունի կոռուպցիայի դեմ պայքարը, արդարության վերականգնմանն ուղղված քայլերը: Բայց իր մտահոգությունները, միևնույն է, դեռ օրակարգային են, թեև առանձին վերցրած ոլորտներում հատուկենտ պրոֆեսիոնալների նշանակումն էլ է արձանագրում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: