Ես, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, խիստ մտահոգված եմ. մենք ունեինք միջին խավի խնդիր, որը ցանկացած պետության հիմքն է, իսկ մեր երկրում օր օրի այն պակասում էր, այսօր այն կանգնեց վերացման վտանգի առաջ: Հարգելի պրն. վարչապետ, եթե նույնիսկ դուք սուբսիդավորեք, ձեզ վրա վերցնեք ծախսերի մի մասը, օգնեք կարիքավորներին, դա չի փրկի մեզ: Ինձ հոգեհարազատ է ցինիզմ հասկացությունը, բայց կան ոլորտներ, որտեղ դրա առկայությունը հանցագործություն է: Դուք ասացիք, որ մեր ընտանեկան բյուջեի վրա դա առանձնապես չի անդրադառնա. ինչպե՞ս կարող է չանդրադառնալ: Ասենք` ես ամսական միջինը վճարում էի 40-60 000 դրամ` գազի համար (հազիվ տաքացնելով բնակարանը), հիմա կվճարեմ 70-90 000 դրամ, և 10 000 դրամով աշխատավարձի բարձրացումը հազիվ թե չանդրադառնա իմ ընտանեկան բյուջեի վրա: Հետո` Դուք մոռանում եք, որ նախորդ տարիների ընթացքում այնպես եք արել, որ հասարակ, միջին ստատիստիկ քաղաքացին, ամենասովորական ու խիստ անհրաժեշտ ապրանք ունենալու համար, կքված է վարկերի ու պարտքերի տակ: Ես չեմ ճանաչում որևէ աշխատավարձով ապրող մարդու, որ ամենասովորական հեռախոս, համակարգիչ, ոչ թանկարժեք ավտոմեքենա, բնակարանի ամենասեղմ վերանորոգում կամ զավակին ամուսնացնելու համար վարկեր չունենա բանկերում: Այսինքն` այն ամենը, ինչ մենք պարտավոր ենք անել կամ ունենալ, հնարավոր է միայն վարկ վերցնելու դեպքում: Ասածս ինչ է - Դուք հաշվի չեք առնում նման փաստեր: Ցանկացած միջին ստատիստիկ քաղաքացի իր ստացած աշխատավարձը կոպեկ-կոպեկ վճարում է պետությանը` վարկերի, կոմունալ վարձերի տեսքով, հետո պարտք է վերցնում օրվա կենցաղային խնդիրները լուծելու համար. գիտեի՞ք:
Կարիքավոր ընտանիքներին օգնելը հարգանքի է արժանի, բայց միջին խավին, որը երկրի հիմնական աշխատուժն է, մնում է երկու տարբերակ՝ կա՛մ դառնալ կարիքավոր, կա՛մ բռնել արտագաղթի ճանապարհը......քանզի հարցը միայն գազի սակագինը չէ, դրա հետ կթանկանա գրեթե ամեն ինչ, չնայած ընտրություններից հետո անմիջապես թանկացավ, իսկ հիմա` առավել ևս...
Ես կխուսափեմ մի քանի կետերից, թե ինչու ընտրություններից հետո, թե ինչու հենց այսպես, թե ինչու..... որովհետև յուրաքանչյուր գիտակից մարդ հիանալի գիտի այդ «ինչուների» պատասխանները, բայց կխնդրեմ միայն անել այնպես, որ մի օր մենք չվերածվենք ռուսական գաղութի, ապրել այնպես, որ պարտավոր չլինեք գնալ այսպիսի խոշոր զիջումների` ժողովրդի հաշվին, ու փորձեք խուսափել մեծ տերությունների` հայաթափման նուրբ ծրագրին` անկախ ձեր կամքից մասնակցելուց: Բացե՛ք ձեր աչքերը, պարոնայք, տեսե՛ք, թե ինչ արտահոսք է սկսվել, եթե գալիս է մի պահ, որ ի վիճակի չեք հարցին լուծում գտնել, իջե՛ք ձեր բարձունքից, հնարավոր բոլոր խելքերն օգտագործեք, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկե՛ք և մի՛ մոռացեք, որ սա միայն ձեր խաղը չէ, դուք գործ ունեք կյանքի բոլոր դաժանությունների միջով անցած, բայց դիմակայած ժողովրդի հետ: Վերջին շրջանում դաժանությունների միջով անցնում է հենց ձեր անհագուրդ ցանկությունների պատճառով... Մարդ մի հոգու մեղքի տակից է դժվար դուրս գալիս, իսկ միլիոնավոր մարդկանց պատճառած ցավերի համար պատիժն անխուսափելի ու դաժան է լինելու... Պարզապես սթափվեք ու հարցին օպտիմալ լուծում գտեք, այլ` ոչ խաբեք, ոչ էլ ինքնախաբեությամբ զբաղվեք... Բավակա՛ն է արդեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել