«Դա սադրանք է՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության». ահա այսպիսի քաղաքական գնահատական տրվեց ՀՀ վարչապետի կողմից Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ հուլիսի 17-ի միջադեպի կապակցությամբ: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն:
Այսինքն, տեղի ունեցավ այն, ինչ բացարձակ հնարավոր չէր պատկերացնել նախորդ իշխանությունների օրոք: Հիշենք, թե ինչ վախվորած կեցվածք էին ընդունել ՀՀ իշխանավորները 2015-ի հունվարին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանդի ժամանակ, երբ կասկածելի, այդպես էլ մինջև վերջ չպարզված հանգամանքներում սառնասրտորեն սպանվել էին տան մեջ գտնվող Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները: Այդ առեղծվածային մասսայական սպանության մեջ մեղադրվեց մեկ անձ՝ 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակովը:
Իսկ Փանիկում տեղի ունեցած սադրանքն ըստ էության շատ վտանգավոր էր և կարող էր ունենալ անկանխատեսելի, անգամ ողբերգական զարգացումներ: Հիմա պարզվում է, ինչպես ռազմաբազայի հրամանատարութունն է դա ասել, Փանիկ գյուղ մտնելու հրաման որպես այդպիսին չի էլ եղել: Ի՞նչ է ստացվում՝ ուրեմն ռուսական ռազմաբազայում իրո՞ք վիճակն այդքան անկառավարելի է և մեզ համար լի բազում վտանգներով: