Հելսինկիում Պուտինի հետ հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը բավական կոշտ էր։ Նա Բրյուսելում ագրեսիվ էր իր եվրոպական գործընկերների հետ, պահանջեց նրանցից ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորւմը, Գերմանիային կշտամբեց ռուսների հետ համագործակցության համար, քննարկեց Ռուսաստանին զսպելու կոնկրետ քայլեր ու ուժերի հաշվարկները։

Ըստ ոչ պաշտոնական օրակարգի, Թրամփը պետք է Ռուսաստանից պահանջեր այն մարդկանց արտահանձնումը, ովքեր մեղադրվում են 2016թ. ամերիկյան ընտրություններին կիբերմիջամտության մեջ, պետք է քննարկվեին իրավիճակը Սիրիայում եւ Ուկրաինայում ռուսական ներխուժման քաղաքական լուծումները։ Անցած երկու տարիների ընթացքում գերտերությունների ղեկավարների միջեւ նման մանրամասն, երկարատեւ ու լավ նախապատրաստված հանդիպման հնարավորություն դեռւես չէր ընձեռնվել, եւ ենթադրվում էր, որ նախագահները կարող էին հանգամանալի քննարկել կուտակված խնդիրները, եւ, ի վերջո, որոշել Ռուսաստանի՝ միջազգային մեկուսացումից դուրս գալու պայմանները։

Ամերիկյան ընկալմամբ՝ դա պետք է լիներ Ռուսաստանի կապիտուլյացիայի պայմանները, որը ներկայացնելու համար Թրամփին տրված էին բոլոր հնարավորությունները։ Ռուսաստանը դժվարությամբ էր անդրադարձնում դիվանագիտական հարձակումները, իսկ Թրամփը ագրեսիվորեն քննադատելով Եվրոպային, Ռուսաստանին, Չինաստանին, հաղթանակած էր գնում Հելսինկի։

Հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիսը, այնուհետեւ՝ առանձին հարցազրույցները, ամբողջովին հիասթափեցրեցին ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենտին։ Պատրաստի հաղթական հարթակի վրա Թրամփն անհասկանալիորեն սայթաքեց։ Ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, թե ինքը շատ բարձր է գնահատում ամերիկյան հատուկ ծառայություններին, սակայն Վլադիմիր Պուտինն իրեն ասեց, թե ռուսները չեն խառնվել ամերիկյան ընտրությունների ժամանակ։

Թրամփի նման հայտարարությունը ամերիկյան մամուլում երկու իրար մոտիկ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ նա կամ չի հասկանում, թե ինչ է անում, կամ, կամ գտնվում է Պուտինի կողմից կուտակված վարկաբեկիչ նյութերի ճնշման տակ։ Մեկը մյուսին հաջորդում էին ամերիկյան քաղաքական գործիչների՝ հայհոյանքին նման հայտարարությունները՝ սկսած նրան մանկամտություն ախտորոշելուց, մինչեւ հրաժարականի պահանջները։ Ընդ որում այս անգամ շատ ավելի ակտիվ են Թրամփի կուսակիցները՝ հանրապետականները, եւ արդեն անհասկանալի է, թե նրանք ինչպես են փորձելու հաղթել այս տարվա նոյեմբերին կայանալիք կոնգրեսական ընտրությունների ժամանակ։ Իսկ Սպիտակ Տան մոտ ցուցարարները պարզ պլակատ էին բռնել. «Դու դավաճան ես»։

Մեկնաբանները Թրամփի՝Պուտինին վստահելու հայտարարության հիմք են համարում նրա անձնական բարդույթները, քանի որ ընդունել, թե Ռուսաստանը որեւէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքի վրա, նշանակում է ընդունել, թե ինքը լեգիտիմ չի. նման ուղղամիտ տրամաբանությունը Թրամփի համար տեղ չի թողնում այլ իրավաբանական նրբությունների համար։

Փաստը, որ Թրամփը Պուտինի ազնիվ խոսքին ավելի մեծ նշանակություն է տալիս, քան ամերիկյան ողջ հետախուզական համայնքին եւ իրավապահ համակարգին, ստվերեց բանակցություընների մյուս արդյունքները, եւ մամուլում լուրջ հիշատակումներ չկան Սիրիայի, Ուկրաինայի, կամ այլ հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Մյուս կողմից՝ եթե Թրամփը զիջել է հիմնականում, ապա, բնականաբար, նա զիջած կլիներ նաեւ մյուս հարցերում, եւ այդ թեմաներով քննարկումները պարզապես հետաքրքրություն չեն ներկայացնում։

Հաջորդ օրը, տեղի տալով հսկայական ճնշումներին, ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե ինքը ընդունում է ամերիկյան ծառայությունների աշխատանքի արդյունքներին, եւ իրեն ճիշտ չեն հասկացել։ Նման պարզունակ հերքումը, սակայն, չէր կարող լրջորեն փրկել Դոնալդ Թրամփի երեսը։ Ամերիկացիները 2016թ. նախագահական ընտրությունների ժամանակ ռուսական կիբերհարձակումները ընկալում են որպես հարձակում իրենց երկրի վրա եւ ժողովրդավարական հիմնարար արժեքների վրա։

Փորձելով ամերիկա-ռուսական հարաբերությունները կառուցել իր անձնական նախասիրությունների, եւ ոչ պետական շահի ու պետական ինստիտուտների վրա, Թրամփի իր այս փորձը վերածեց ֆարսի։ Ունենալով խոստումնալից սկիզբ, Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպումը դարձավ մեծագույն ձախողում։

Աղասի Ենոքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել