Երեկ կայացավ «Միսս հայուհի 2018» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Թեհրանից ժամանած Արենա Զեյնալյանը: 24-ամյա գեղեցկուհին Հայաստանը ներկայացնելու է «Միսս աշխարհ» համաշխարհային մրցույթում: Գեղեցկուհուն թագադրեց անցած տարվա մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը, ով BlogNews.am-ի հետ զրույցում կիսվել է իր էմոցիաներով և Արենայի մասին կարծիքով:
«Կային աղջիկներ, որոնց հետ ավելի վաղուց էի ծանոթ, մտերիմ, իսկ մնացածին մրցույթային օրերին եմ ճանաչել: Ես պարզապես հիացած եմ բոլորի մարդկային արժեքներով»,- նշում է Լիլին:
Խոսելով իր ֆավորիտների մասին՝ ասում է, որ այդ ցուցակում կար նաև Արենան. «Բոլոր աղջիկները յուրովի գեղեցիկ էին, և շատ դժվար էր առանձնացնել մեկին: Բայց ինձ համար կային երեք-չորս հայուհիներ, որոնց դժարությամբ առանձնացրի: Բոլորն էլ հիասքանչ էին: Իմ ֆավորիտների ցուցակում Արենան կար․ ինչպե՞ս կարելի է չնկատել նման գեղեցկությունը և բարությունը»:
Լիլիի համար գեղեցկության մրցույթներում կարևոր են աղջիկների հետևյալ հատկությունները՝ համերաշխությունը, բարությունը, ժպտերես և մարդամոտ լինելը:
«Միսս հայուհուն» թագադրել է Լիլին, ով անցած տարի նույն կարգավիճակում էր. «Նա նույնպես հուզված և շփոթված էր, երջանիկ, ինչպես ես անցած տարի և ինչպես այս տարի: Պատիվ ունեի թագադրելու գեղեցկուհուն, որը նույնպես մեծ երջանկություն էր ինձ համար: Դա մի ակնթարթ է, որը պետք է զգալ և ապրել»:
Խորհուրդներով չեն փոխանակվել գեղեցկուհիները, քանի որ զրուցելու ժամանակ չի եղել. «Ես հասցրել եմ արդեն կիսել նրա ուրախությունը և մաղթել ամենալավը նոր կյանքի այս փուլում, միայն հաջողություններ և կարևորը՝ անսպառ ժպիտ:
Այն հարցին՝ արդյոք Երևանում մոդելային բնագավառն առաջընթաց է ապրում, Լիլին նշում է. «Շատ դանդաղ, բայց առաջընթաց ապրում է: Մենք բոլորս պետք է այն զարգացնենք համատեղ ուժերով»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի