Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Գորիսում է: Նա, դիմելով այստեղ հավաքված քաղաքացիներին, շնորհավորեց Սահմանադրության օրը և հիշատակեց՝ այնտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Վարչապետի խոսքով՝ այդ զգացողությունը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

«Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկաներին հավատացրեց՝ Գորիսում էլ իշխանությունը ժողովուրդն է: «Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հավաքվածներին հրապարակում ներկայացնել առաջարկություններ և տեղում որոշել խնդիրների առաջնահերթությունը:

Քաղաքացիներից մեկը, դիմելով վարչապետին, նկատեց, որ նա «թավշյա հեղափոխության» արդյունքում հեղաշրջում կատարեց մարդկանց մտքերում, կենսաբանական համաշխարհային մթնոլորտում, որովհետև խոշոր գիշատիչներին, ընձառյուծներին փոխել է, դարձրել կատու: Քաղաքացին հարցրեց՝ ինչպե՞ս է դա նրան հաջողվել:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը հետևյալն էր․ «Ձեր հարցը հռետորական էր: Ես ասել եմ՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան: Եթե նկատի ունեք, թե ինչպես է մեզ հաջողվել հասնել դրան, որ անձեռնմխելի մարդիկ չլինեն, ասեմ՝ շատ պարզ ձևով, որովհետև Կառավարությունն ունի ձեր աջակցությունը, ժողովրդի աջակցությունը: Ես՝ որպես վարչապետ, որևէ մեկից կախվածություն չունեմ: Իմ միակ կախվածությունը ժողովրդից է»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այնքան ժամանակ, մինչև Հայաստանի ժողովուրդը կանգնած է իր կողքին, երկրում կառուցման, զարգացման, օրինականության գործընթացները շարունակվելու են:

«Իմ խնդիրը ձեզ ծառայելն է, ձեր խնդիրն է ինձ օգնելը, որ ձեզ իմ ծառայությունը լինի մաքսիմալ արդյունավետ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել