Եթե ապրիլյան պատերազմը հետաձգվեր (իսկ մեր հարևանը երբեք չի շտապել՝ պարզորոշ հասկանալով, որ ժամանակն աշխատում է իր օգտին) և կատարվեր մի քանի տարի անց, ապա հետևանքները շատ ավելի աղետալի կլինեին, քան եղան ապրիլին։ Ապրիլյան ներխուժումն իր հետևանքներով լրջորեն սասանեց նախկին կառավարության դիրքերը։ Հասարակությունը պարզ հասկացավ, որ իրենք ամենևին պաշտպանված չեն, ինչպես հավաստիացնում էին մինչ այդ։ Բայց նույնիսկ այդ ներխուժումը խելքի չբերեց նախկին կառավարությանը, և դա իսկապես տարակուսանքի մեջ է գցում բոլորին։ Պետական և քաղաքական գործիչը չի կարող այդ աստիճան ծանծաղամիտ լինել։ Դա լուրջ ողբերգություն է։ Եվ առավել ցավալի է, որ ներկա կառավարությունը նույնպես լուրջ չի մոտենում կադրերի խնդրին։ Մարդիկ պետք է հասկանան, որ կադրերն են որոշում երկրի բախտը։ Պետությունը չի կարող առաջադիմել, չի կարող ապահովել իր անվտանգությունը, եթե առանցքային պաշտոնները զբաղեցնում են կուսակցական պնակալեզ ու դեմագոգ մարդիկ։ Թվում է՝ միջազգային էլիտան ավելի շատ է անհանգստանում երկրի պաշտպանության համար, քան մեր կառավարությունները․․․ Եթե ապրիլյան ներխուժումը ուշքի չբերեց մեր կառավարություններին, ապա մենք անդառնալիորեն կորցրել ենք մարդկային շատ կարևոր՝ պատասխանատվության և վեհության զուտ մարդկային հատկանիշները․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: