Անցած 15 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ հանրակրթության պետական ծրագրերում տեղ գտան քաղաքացիական կրթության, մարդու իրավունքների ու հասարակագիտական առարկայական ծրագրերը, որոնք ՀՀ Կրթության մասին օրենքի պահանջով կրթում են ՀՀ քաղաքացի: Այս ուղղությամբ հաջողված շատ ծրագրեր են ներդրվել դպրոցներ, և մեր աշակերտներն արդեն դպրոցական նստարանից ձեռք են բերում քաղաքացիական պարտավորություններ ստանձնելու ու հետազոտելու հմտություններ, որոնց երբեմն խոչընդոտում են տարբեր մակարդակի պաշտոնյաներ: Վերջերս Արագածոտնի մարզի Աղձք գյուղի ավագ դպրոցում իրականացված քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում աշակերտները նախաձեռնել են ուսումնասիրել իրենց գյուղի ոռոգման ջրի աղտոտման պատճառները: Գնացել են հարցազրույց վերցնելու գյուղապետ Արսեն Ավդալյանից, որը ոչ ավել, ոչ պակաս, երեխաների հարցերին պատասխանելու փոխարեն սկսել է հարցաքննել նրանց, թե ովքեր են նրանց ծնողները: Ավելին, նույնիսկ փորձել է ազդել տնօրենի վրա, ով, տեղի տալով գյուղապետի ճնշմանը, փորձել է արգելել երեխաներին մասնակցել ծրագրին: Արդյունքում երեխաները մի պահ հրաժարվել են մասնակցել ուսումնական ծրագրով նախատեսված հետազոտության փուլին: Փառք Աստծո, ԿԱԻ-ի և մարզի կրթության վարչության պետի միջամտություններից հետո տնօրենը կրկին դպրոցի դռները բացել է ծրագիրն իրականացնող Կրթության ազգային ինստիտուտի մասնագետի առաջ: Ես որոշեցի բարձրաձայնել այս մասին 2 պատճառով. նախ մտահոգված եմ ավագ դպրոցի տնօրենի վարքագծով, ով թույլ է տալիս գյուղապետին միջամտել դպրոցի ուսումնական գործունեությանը, այսինքն՝ իրեն պատասխանատու է զգում ոչ թե ուսումնական պլանով նախատեսված հետազոտությունն իրականացնելու պահանջը կատարելու համար, այլ՝ գյուղապետի: Երկրորդ՝ գյուղապետի տարածված կերպարն է խիստ մտահոգիչ, ում ազդեցությունն ավելի մեծ է ավագ դպրոցի աշակերտների վրա, քան տնօրենինը: Երևույթը պատկան մարմիններին մտածելու տեղիք պետք է տա, թե ովքեր են ղեկավարում դպրոցները, և ում օրինակով ենք կրթում մեր երեխաներին, որովհետև միայն իրավատեր պաշտոնյաների օրինակով կարելի է կրթել մեր աշակերտներին: Միայն իրավատեր քաղաքացիների ջանքերով են իրականանալու համակարգային այն փոփոխությունները, որոնք մեր պետությունը կդարձնեն իրավական ու հզոր: Իսկ գյուղապետին նախազգուշացնում ենք, որ հանկարծ ծնողներին ճնշելու միջոցով չփորձի խոչընդոտել երեխաների նախաձեռնությանը, որովհետև այն բխում է օրենքով սահմանված Պետական չափորոշչի պահանջից, որը պարտադիր է նույնիսկ գյուղապետի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=532211743492458&id=100001109106748
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել