Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը նեկայացրեց վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Նա նշեց, որ, հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Արձագանքելով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը հանրային հետաքրքրություն է ներկայացնում:

«Տվյալ որոշումն ընդունում ենք օրենքի պահանջը կատարելու համար: Ուզում եմ արձանագրել, որ տարօրինակ իրավիճակում ենք, երբ վարչապետը 2 շենքում է տեղակայվում, տարօրինակ իրավիճակ է լինում, և մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել»,- ասաց նա և նշեց, որ կարծիքներ են հնչում, թե հայտնվել են կառավարությունում և մոռանում են, թե ինչ են քննադատել ժամանակին։

«Այն, ինչ քննադատել ենք, իրականություն կդարձնենք, և կարծում եմ, որ հարցերին ոչ թե անձնավորված մոտեցում պետք է ցուցաբերել այլ ինստիտուցիոնալ»,- ասաց նա և նշեց, որ ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձնեն նախագահի աշխատակազմին:

Նա նշեց, որ ներկայումս արարողակարգային խնդիր կա լուծելու, օրակարգային պարտականություններ կան, և քանի որ Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, օրակարգային որոշ հարցեր կապված են շենքային պայմանների հետ, պետք է ուսումնասիրեն, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու:

«Ես փաստացի երկար ժամանակ աշխատում եմ կառավարության շենքում, չգիտեմ՝ որքանով այս դեպքում կարող ենք ասել երկար ժամանակ, բայց դա նաև հարմար է, և հետագայում դա կառավարության որոշումներով կարձանագրենք, վարչապետը կունենա 1 նստավայր»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել