Սերժ Սարգսյանի հրաժարականից և Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ հայկական և ռուսական լրատվամիջոցներ սկսեցին գրել, որ Փաշինյանը երկիրն անմիջապես կտանի Արևմուտքի ուղղությամբ, իսկ հայ-ռուսական հարաբերությունները կգտնվեն սառեցման վտանգի տակ: Այս ենթադրություններն արվել էին այն հիմքով, որ ԱԺ-ում Փաշինյանը ղեկավարում էր պրո-արևմտյան քաղաքական ուժ համարվող «Ելք» դաշինքը: Հենց այս խմբակցությունն էր խորհրդարանում նախաձեռնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին լսումները:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ ոքի կողմից չպետք է կասկածի տակ դրվեն: Եվ հենց այս մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:

Ինչպես նշեց Ա. Ղուկասյանը, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը սոցիոլոգիական հարցում է անցկացրել «Հայ հասարակության սպասելիքների և վստահության աստիճանը նոր կառավարության նկատմամբ»: Ըստ հարցման արդյունքների՝ հասարակությունն ակնկալում է տնտեսական բարելավում, ինչը նաև կապում է այն հանգամանքի հետ, որ նոր կառավարությունն իր գործունեությունը կիրականացնի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում: 

Հարցումն անցկացվել է Երևանի և մարզերի 18-60 տարեկան 1200 քաղաքացիների շրջանում:

«Համաձայն հարցման արդյունքների՝ քաղաքացիների վստահության աստիճանը նոր կառավարության հանդեպ միջինը 9 է (1-10 բալանոց սանդղակով): Նրանցից 78%-ը ակնկալում է, որ առաջիկա տարում երկրում տնտեսական իրավիճակի բարելավում կնկատվի, 17%-ն այդ կարծիքին չէ, իսկ 5%-ը դժվարանում է հարցին հստակ պատասխանել»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Ա. Ղուկասյանն ընդգծեց, որ ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա հարցման մասնակիցների 12%-ի կարծիքով պետք է լուրջ շրջադարձեր իրականացնել, 82%-ը համարում է, որ արտաքին քաղաքականության մեջ լուրջ շրջադարձեր չպետք է իրականացվեն, իսկ 6%-ը ձեռնպահ է մնացել:

Ակումբի մեկ այլ փորձագետ Ծ. Կոստանյանն նշեց, որ հարցման շրջանակներում պարզ է դարձել, որ հարցվողների 56%-ը համարում է ԵԱՏՄ-ն Հայասանի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն, 27%-ի համար Հայասանի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն է ԵՄ-ն, 63%-ը կարծում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է այնպես զարգացնել, որ այն չխանգարի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, իսկ 17%-ը գտնում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ոչ մի իրական շահ չի ներկայացնում, այդ իսկ պատճառով տվյալ ուղղությունը պետք է փոխարինել մեկ ուրիշով:

«Հարցաշարում տեղ գտած վերջին հարցը վերաբերում էր այն երկրների ցանկին, որոնց հետ Հայաստանի սերտ համագործակցությունն առաջնային է: Հարցման մասնակիցները հնարավորություն ունեին ընտրելու մի քանի տարբերակ, և պատկերը հետևյալն է. Ռուսաստան – 74%, Եվրամիություն – 51%, ԱՄՆ – 43%, Վրաստան – 43%, Իրան – 27%, Չինաստան – 22%»,- ասաց Ծ. Կոստանյանը:

Ամփոփելով անցկացված հարցման արդյունքները՝ բանախոսներն ասուլիսի վերջում առանձնացրին չորս կետ, ըստ որի՝

  • Ներկա փուլում հայ հասարակության վստահության աստիճանը բավականին բարձր է նոր կառավարության նկատմամբ,
  • Քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ակնկալում է տնտեսական բարելավում առաջիկա տարում,
  • Հարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չպետք է կատարվեն,
  • Հարցվողները գտնում են, որ ԵԱՏՄ-ն հանդիսանում է Հայաստանի տնտեսական զարգացման համար առաջնային ուղղություն, իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է այնպես զարգացնել, որպեսզի այն չխոչընդոտի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին,
  • Հայ հասարակության կարծիքով մի քանի երկրների շարքում Հայաստանի համար Ռուսաստանն առաջին տեղում է, ում հետ հարաբերություններն առաջնային են:

Հատուկ Blognews.am-ի համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել