Շատերի համար առ այսօր էլ առեղծված է մնում, թե ինչպես ադրբեջանցիներին հաջողվեց մեզ անակնկալի բերել 2016 թվականի ապրիլինի 1-ի լույս 2-ի գիշերը։ Իրադարձություններից երկու տարի անց արդեն ունենք մի շարք քաղաքային լեգենդներ այդ մասին, որոնք հատկապես Սասնա ծռերի թեթև ձեռքով լայն տարածում ունեցան հասարակությունում, թեև ոչ մի աղերս չունեն իրականության հետ։ Էլ բիլիարդ խաղացող ու Մակալեն խմող Խաչատուրովի մասին միֆ, էլ զորքերին կրակելը արգելող հրամանի մասին միֆ ու դա իբր փաստող տեսանյութ, որը ճիշտ հակառակն էր փաստում իրականում․․․ Ինչևէ, էական էլ չէ, էականն իրականությունն է։
Ըստ էության, իրականությունը հետևյալն է․ 2014 թվականից սկսած՝ Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում էր շփման գծի ողջ երկայնքով էսկալացման աստիճանը։ 2015 թվականի աշնանը լարումն այն աստիճանի էր հասել, որ, բացի հրազենից, արդեն գրեթե ռեգուլյար սկսեցին կիրառել հրետանի ու տանկեր։ Այս ամենը բաց տեղեկատվություն է, ու կարող եք ինքներդ էլ գտնել՝ նայելով այդ ժամանակամիջոցի ՊՆ հաղորդագրությունները։ Այն, ինչը չկար ՊՆ հաղորդագրություններում, շփման գծի ադրբեջանական կողմում ուժերի կուտակումների ու տեղաշարժերի մասին տեղեկատվությունն էր։ Դիվերսիոն գործողությունների թեժ շրջանում Ադրբեջանը մի հետաքրքիր մարտավարություն էր որդեգրել․ ամեն անգամ, երբ դիվերսիոն խումբը մարտի էր բռնվում մեր ստորաբաժանումների հետ, ադրբեջանական կողմը շփման գծին էր մոտեցնում առաջապահ զորամասերի անձնակազմ ու զինտեխնիկա, բայց ամեն անգամ հետ էր տանում դրանք։ Բացի դրանից՝ անդադար, գրեթե ամենօրա ռեժիմով զրահատեխնիկայի ստորաբաժանումներն անկանոն տեղաշարժեր էին անում շփման գծի տարբեր հատվածներում։ Եվ այսպես՝ ամիսներ շարունակ։ Հաշվի առեք նաև այն, որ 2016 թվականին մենք հակառակորդին դիտարկելու համար այնպիսի հնարավորություններ չունեինք, ինչպիսիք ունենք հիմա, ու շատ հաճախ տեխնիկայի տեղաշարժի ու մոտենալու մասին իմանում էին շարժիչների ձայնից կամ էլ սակավաթիվ դիտակետերից ու հետախուզական տվյալներից։
Միայն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հասկանալի դարձավ այս տարօրինակ վարքի պատճառը․ ադրբեջանցիներն ամիսներ շարունակ բթացնում էին մեր զգոնությունն ու «սովորեցնում», որ նորմալ ու բնականոն բան է, երբ դիվերսանտների հետ մարտ սկսելուց հետո առաջնագծին մոտեցվում են հավելյալ ուժեր ու տեխնիկա։ Մեզ մոտ արդեն պայմանական ռեֆլեքս էր ձևավորվել, որ դիվերսիոն գործողությունը հետ մղելուց հետո այդ տեխնիկան էլ միշտ հետ է քաշվում, բայց արի ու տես, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ոչ միայն հետ չքաշվեց, այլ առաջ եկավ՝ կատարելով բացահայտ հարձակում։ Արդյունքները գիտենք՝ առաջին ժամերի ընթացքում գրանցված կորուստներ, այդ թվում՝ տարածքային, մի քանի ժամ տևած խառնաշփոթ, որն առաջ էր եկել նրանից, որ մերոնք իրոք անակնկալի էին եկել, ու հաճախ տեղերից եկող զեկույցներից հասկանալի չէր, թե ինչի հետ գործ ունենք։ Արդյունքում՝ առաջին գիշերը կորցրած դիրքերի մի մասը կարողացանք հետ բերել, բայց դե ոչ բոլորը, ինչն էլ հետո դարձավ թշնամական (ներքին ու արտաքին) քարոզչության գործիք։ Ի դեպ, խիստ հատկանշական է, որ մարտ ամիսը տարբերվում էր հարաբերական անդորրով, որը, համեմատած նախորդ ամիսների հետ, երբ ընդհուպ մինչև 152 մմ տրամաչափի հրետանի էր կիրառվում, կարելի էր անվանել աննախադեպ․․․
Իրականում, այս ամենը զուտ նախապատմություն էր, որը պետք է հասկանալի դարձնի հետագա ասելիքս։ Դուրսը 2018 թվականի հունիս ամիսն է։ Սահմանում նույնպիսի կուտակումներ են, ինչ 2016-ին, եթե չասենք, որ նույնիսկ ավելի շատ են։ Ադրբեջանական ուժերը բրոունյան շարժումներ են իրականացնում արդեն շաբաթներ շարունակ։ Ճիշտ այնպես, ինչպես 2016-ին։ Տարբերությունն այն է, որ մերոնք դրանք հիմա կարողանում են տեսագրել։ Իսկ ի՞նչ է անում երկրի քաղաքական ղեկավարությունը․․․ Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դնում գլխներիս տակ՝ ասելով՝ թուլացեք, հրադադարի ռեժիմի խախտումների աննախադեպ նվազում կա։ Սասուն Միքայելյանը հրապարակայնորեն ստում է ԱԺ ամբիոնից, որ ոչ մի կուտակում էլ չկա։ Մոտավորապես նույն միտքն են արտահայտում Փաշինյանի թիմի այլ բարձրաստիճան անդամներ։ Հիշեցնեմ՝ այդպես էլ ոչ մեկ չհերքեց նման ինֆանտիլ դիրքորոշումը։ Թերևս միայն Տոնոյանը ճեպազրույցում հաստատեց, որ կուտակումներ, այնուամենայնիվ, կան։ Ու մնացած հարցերում՝ քար լռություն։
Պոլիշինելի գաղտնիք է, որ ռուսներն այդպես էլ չեն տպավորվել մայիսյան շքերթը սիրելու հավաստիացումներից, չեն ներել Պուտինին հայհոյողին փոխնախարար նշանակելու դրվագից, չեն հավատացել նախկին սորոսականների կտրուկ պրոռուսականացմանն, ու գնալով ավելի ու ավելի են շատանում ռուսական մեսիջներով գրառումները ռուսական ու ադրբեջանական մեդիայում։ Ասածս ի՞նչ է, տղերք ջան․ Նիկոլի հանճարն ու ժողովրդականությունն, իհարկե, լավ ու համով բան են, բայց միայն ներքին սպառման, որովհետև էդ հանճարն ու ժողովրդականությունն Իլհամի բանջարին չեն, իսկ ռուսական «քարտ բլանշը», ուժային բալանսի խախտվածությունն ու ներքին անկայունությունը ՀՀ-ում և Արցախում այն էլ ինչպես են Իլհամի բանջարին։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավարտվում է հուլիսի 15-ին, ու եթե ես ճիշտ եմ, դրա հաջորդ իսկ օրվանից պետք է ցանկացած վայրկյանի սպասել մարտական գործողությունների վերսկսման՝ մոտավորապես Ապրիլյանի մասշտաբների, բայց հավանաբար այլ սցենարներով։ Շատ եմ ուզում սխալված լինել այս կանխատեսմանս մեջ, բայց չբարձրաձայնել չեմ կարող։ Տղե՛րք, թարգեք էդ ծածկադմփոց անելու քաղաքականությունն ու լրջացեք, որովհետև на кону տասնյակ ու հարյուրավոր կյանքեր են, իսկ դուք դեռ թիթեռ եք նկարում ու թագավոր-թագավոր խաղում։