Սուդանում վճռաբեկ դատարանը չեղարկել է՝ իրեն բռնաբարած ամուսնուն սպանած կնոջ նկատմամբ մահապատիժը, և փոխարինել է այն հինգ տարվա ազատազրկման պատիժով,– հաղորդում է BBC-ն։

19-ամյա Նուրա Հուսեյնին ամուսնացրել են 15 տարեկանում, սակայն հարսանեկան արարողությունից հետո նա փախել է և երեք տարի թաքնվել է իր բարեկամուհու տանը։ Նուրայի հայրը նրան համոզել է տուն վերադառնալ, սակայն, հենց որ աղջիկը հայրական տուն ոտք է դրել, նրան հանձնել են օրինական ամուսնուն։

Ամուսինը նրան դաժանորեն բռնաբարել է։ Նրա երեք եղբայրները պահել են աղջկան, որպեսզի նա չփախնի ամուսնու ձեռքից։

Երկու օր անց Նուրան դանակով հարձակվել է ամուսնու վրա և նրան մահացու վիրավորել է։ Դրանից հետո նա փորձել է թաքնվել ծնողների մոտ, սակայն նրանք նրան ոստիկանությանն են հանձնել։

Սուդանի օրենքների համաձայն՝ աղջկան կարող են կնության տալ արդեն տասը տարեկանում։ Ստիպողաբար մանկական ամուսնությունն ու բռնաբարությունը Սուդանում հանցագործություն չեն համարվում։ Մահացածի ընտանիքը կարող է մարդասպանի համար պատիժ որոշել՝ պահանջելով կամ ներում շնորհել, կամ դրամական փոխհատուցում վճարել կամ էլ մահապատիժ կիրառել։

Դատարանը աղջկան մահապատժի էր դատապարտել։ Սակայն այս որոշումը հանրության կողմից բողոքի էր արժանացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել