2016 թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում գործող վարչակարգի համար պարարտ հող ստեղծվեց հակապետական գործողությունների դեմ, ինչպես նաև՝ հակաօրինականության և հակաահաբեկչական պայքարի քողի ներքո իշխող կուսակցության, հատկապես նախագահ Ռ. Թ. Էրդողանի անձնական (սուլթանական) և քաղաքական նկրտումների առարկայացման համար նաև իրավական-ինստիտուտցիոնալ հիմքեր ձևավորելու առումով: Ավա՜ղ, վերոնշյալ գործընթացները տեղի ունեցան երկրի ներսում արտակարգ դրության պայմաններում՝ ակնհայտ հակաժողովրդավարական մեթոդներով, երկրից դուրս՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներով՝ սահմանակից արաբական երկրների դեմ ագրեսիվ գործողությունների տեսքով:

Իրավաքաղաքական հարթությունում 2017թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներն արդեն իրավական ուժ ստացան 2018թ. հունիսի 24-ին՝ դարձյալ համակողմանի գնահատականների համաձայն՝ ոչ բավարար ժողովրդավարության՝ ազատության և թափանցիկության պայմաններում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ամրագրելով այլևս նոր՝ շուրջ մեկդարյա խորհրդարանական կառավարումից հետո արդեն նախագահական Թուրքիայի իրողությունը, բայց նույն Ռ. Էրդողանի նախագահությամբ: Ասել է, թե՝ 2014 թ.-ից Թուրքիայում եղած փաստացի իրողություններն արդեն իսկ իրավական ամրագրում են ստանում:

Ինչն է, սակայն, կարևոր․ անգամ նախագահական կառավարման պարագայում երկրի ղեկը ստանձնելուց բացի՝ Էրդողանը, կարելի է արձանագրել, ստանում է նաև Թուրքիայի ամբողջական կառավարման լայն հնարավորություն, քանի որ փաստացի նրա գլխավորած ԱԶԿ-ի և ազգայնականների՝ ԱՇԿ-ի միջև ձևավորված «Ժողովրդի դաշինքը» մեծամասնություն է կազմելու արդեն նոր խորհրդարանում:

Վերոնշյալի համատեքստում հատկապես տարածաշրջանային մակարդակում առավել կարևոր է, թե ինչպես կդրսևորվի տարածաշրջանային գերտերության հին ու նոր իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը, որը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նաև Թուրքիայի հարևան երկրների հետ հարաբերությունների վրա: 

Այսպիսով՝ կասկածից վեր է՝ այլևս Հայաստանի հարևանությամբ ունենալու ենք ավելի ինքնավստահ, ամբիցիոզ, անկանխատեսելի և ոչ ժողովրդավարական Թուրքիա, որի քաղաքականության հետևանքներին առնվազն հայկական կողմն առնչվելու է պայմանական հերթականությամբ շարադրված հետևյալ հարթություններում՝

1. Թուրքիայի ներսում՝ նաև թուրքահայ համայնքի հանդեպ առավել սրվելիք ազգայնական, կրոնական քաղաքականության հնարավորություն,
2. Հայաստանի հետ հարաբերությունների և հայկական թեմատիկայի անտեսման ուղեգծի շարունակականության հավանականություն,
3. Իրաքում, Սիրիայում՝ առավել անկաշկանդ և հավակնոտ վարքի միջոցով սեփական բազմաբնույթ խնդիրները, այդ թվում՝ պատմական հայրենիքին ամենամոտը գտնվող հայ համայնքների դիրքերը թուլացնելուն միտված նպատակային գործողությունների հնարավորություն:
4. Արևմուտքի հետ հարաբերություններում առավել ինքնուրույն դիրքորոշմամբ հանդես գալու հավանականություն, որը կարող է դրսևորվել շատ ավելի անզիջում, անգամ շանտաժային գործելաոճով,
5. Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի և բարեկամ պետություն Իրանի հետ առավել սերտ, անգամ ռազմավարական մակարդակի ձգտող համագործակցության հնարավորություն,
6. Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների լայն զարգացման միտում՝ նաև հայկական պետությունների հանդեպ թշնամանքի առավել խորացման հավանականությամբ:

Վերոշարադրյալ և հնարավոր մի շարք այլ խնդիրներն, այսուհանդերձ, դեռևս հիպոթետիկ հարթությունում են և մարտահրավեր լինելուց բացի՝ նաև բազմաթիվ նոր հնարավորություններ են բացում նաև տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը դառնալու անգերազանցելի հնարավորություններ ունեցող Հայաստանի Հանրապետության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել