Պատմության մեջ այս օրը՝ 1941թ. հունիսի 22-ին, Նացիստական Գերմանիան «Բարբարոսա» անունը կրող գործողությամբ հարձակվեց պատերազմի սանձազերծման գործում իր դաշնակից ԽՍՀՄ-ի վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում սկսվեց Գերմանո-խորհրդային պատերազմը: Ռազմական գործողությունները ծավալվում էին Բալթիկ ծովից մինչև Սև ծովն ընկած տարածքում: Առաջին ամիսներին խորհրդային կողմը կրում էր պարտություն պարտության հետևից: Պատահական չէ, որ Բալթյան տարածաշրջանը, Ուկրաինան, Բելառուսն արագորեն գրավելուց հետո` սեպտեմբեր ամսին գերմանացիները Մոսկվայի մատույցներում էին: Գերմանական կողմի հաջողությանը նպաստել էր այն, որ նրանք փայլուն դիվանագիտական հնարքներով կարողացել էին այնպես անել, որ խորհրդային ղեկավարության մոտ կասկած անգամ չլիներ հնարավոր հարձակման մասին: Գեբելսը գրում էր․ «Ֆյուրերն անչափ գոհ է, որ արևելյան արշավանքի քողարկումը լիովին ստացվել է: Ամբողջ մարտավարական հնարքը կատարվել է անասելի խորամանկությամբ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: