Երգչուհի Սյուզի Մելիքյանն առաջիկայում պատրաստվում է միանգամից երկու բիզնեսով զբաղվել․ նախ՝ կբացի իր անվանական Make up սրահը, ապա մինչև ամսվա վերջ կներկայացնի իր հեղինակած շապիկների հավաքածուն: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է ներկայիս զբաղվածության մասին:
Շաբաթներ առաջ Սյուզի Մելիքյանն իր երկրպագուների դատին հանձնեց նոր տեսահոլովակ, որում կատարում էր երգչուհի Ադելի՝ «Skyfall» երգի cover տարբերակը: Կատարումը երգչուհու մեկնաբանմամբ շատ բուռն է ընդունվել. «Ադելի երգացանկը շատ եմ սիրում ու հատկապես այդ երգը, որի մեջ միստիկան շատ է: Այն ինձ գրավեց, որոշեցի իմ մեկնաբանությամբ ներկայացնել: Կատարումից հետո շատ արձագանքներ եմ ստացել: Տեսանյութը սկզբում տեղադրվել է Ինստագրամի իմ էջում, որը լայն տարածում գտավ ու հետաքրքրություն առաջացրեց: Երկրպագուներս խնդրեցին ամբողջական տարբերակը Youtube-ի էջում տեղադրել: Շատ էին ինձ գրում և առաջարկում այս կամ այն երգի քավի տարբերակը կատարել, բայց սա առաջին փորձն էր»:
Սյուզին այս ընթացքում ազատ ժամանակ գրեթե չի ունում․ զբաղված է երկու նոր բիզնեսներով: Երգչուհու խոսքով՝ շապիկների սեփական հավաքածու ստեղծելու միտքն առաջացել է վերջերս, երբ իր համար փնտրում էր համապատասխան շապիկներ, բայց չէր գտնում. «Իմ ճաշակով և երևակայությամբ ինչ-որ հետաքրքիր բան եմ ուզում անել: Իմ պատկերացրած նկարներն ու բրոշներն եմ ստեղծել: Մոտ ժամանակներս կլինի շապիկների հավաքածուն, որն արդեն բուռն է ընդունվել համացանցի իմ էջերում, ու շատերն արդեն իսկ սպասում են: Բրենդը լինելու է իմ անուն-ազգանունով, համապատասխան լոգոն վաղուց պատրաստ է: Շատ անգամ, երբ ես հագնում եմ ինչ-որ բան, մարդկանց հետաքրքրում է՝ որտեղի՞ց է, նրանք էլ են ուզում ձեռք բերել, և ահա կա այդ հնարավորությունը: Գնային առումով շապիկները մատչելի են լինելու, որ բոլորը կարողանան ձեռք բերել, ես գերշահույթ չեմ հետապնդում»,- ասում է Սյուզին ու հավելում, որ չի պատրաստվում ներկայանալ որպես դիզայներ, սակայն հետաքրքիր մտքեր ունենալու դեպքում կշարունակի զգեստներ մոդելավորելը: Սյուզիի համար գործունեության առաջնային ոլորտ շարունակում է մնալ երգարվեստը:
Ինչ վերաբերում է սեփական դիմահարդարման սրահ բացելուն, Սյուզին նշում է, որ անձամբ չի սպասարկելու հաճախորդներին․ պատրաստվում է թիմ ձևավորել, որը կկարողանա զբաղել դրանով. «Տարիներ առաջ սկսեցի զբաղվել նաև դիմահարդարմամբ։ Հիմա ունեմ աշակերտներ, սակայն հաճախորդներին սպասարկել չեմ հասցնի, իմ փոխարեն աղջիկները կանեն դա: Հետաքրքիր աղջիկների եմ ընտրել, որոնք ունեն լավ ձեռագիր, և ես վստահում եմ իրենց մասնագիտական որակներին»:
Քանի որ առջևում ամռան ամենաշոգ ամիսներն են, Սյուզին նաև մի քանի խորհուրդ ունի գեղեցկուհիներին մաշկի ճիշտ խնամքի և դիմահարդարման համար. «Ընդհանրապես, լավ դիմահարդարման համար առաջնային է որակյալ նյութերի օգտագործումը: Խորհուրդ եմ տալիս բնական ծագում ունեցող նյութեր օգտագործել, որպեսզի մաշկը չվնասվի: Ամառային ամիսներին ցանկալի չէ չարաշահել դիմահարդարումը: Իհարկե, նորաձևությանը հետևել պետք է շրթներկի կամ ստվերաներկի թրենդային գույներ ու ձևեր, բայց ինձ համար նորաձև և գեղեցիկ է այն, ինչը սազում է քո դիմագծերին: Խորհուրդ եմ տալիս ամռանը բաց ու հանգիստ գույների մեջ լինել»,- եզրափակեց երգչուհին: