1in.am կայքէջից տեղեկացա, որ ՀԱԿ-ի կողմից մեր՝ N2 ( Նոր Նորք) ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը խոսել է գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության կամ կազմակերպությունների կողմից իր քաղաքական գովազդային վահանակը կամ վահանակները տեղադրելու հարցում առաջ եկած անհասկանալի դժվարությունների կամ անորոշության հետ: 

Սույնով հայտարարում եմ, իմ նախընտրական շտաբի իրավաբանները պատրաստ են պարոն Կարապետյանի շտաբի իրենց գործընկերների հետ միասին խորամուխ լինելու, հասկանալու խնդիրը և գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու օրենքի, ԿԸՀ որոշումների ու գործող կարգի ամբողջական գործողությանը: 

Անգամ եթե, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, հնարավոր չլինի համատեղ ուժերով հասնել խնդրի լուծմանը, պատրաստ եմ, եթե դա թույլատրում են գործող օրենսդրական ու իրավապայմանագրային հանգամանքները, իմ շտաբի կողմից վարձակալած գովազդային վահանակներից մեկը հանել և այնտեղ տեղադրել իմ մրցակից թեկնածուի՝ պարոն Կարապետյանի, որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուի քաղաքական գովազդը: 

Հ.Գ. Ես այս մասին անձամբ տեղեկացրել եմ նաև Վլադիմիր Կարապետյանին և կսպասեմ պարոն Կարապետյանի արձագանքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել