ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում անցկացրած հանդիպումների արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունիսի 12-ից 14-ը Երևան կատարած այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Համանախագահները և ՀՀ պաշտոնյաները քննարկել են գործընթացի առաջխաղացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Նրանք մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում առկա իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կառուցողական մթնոլորտի պահպանման կարևորությունը։

Համանախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի  սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։

ՀՀ բարձրաստիճան պաշտանյաները հայտարարել են, որ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը և պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ աշխատանքը»,- ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել