Yerkir.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին հայտարարություն են տարածել Հայաստան կատարած այցից հետո:

ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի շրջանակում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հայտարարության համաձայն` համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում` մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը:

«Նրանք նաև մտքերի փոխանակում են արել Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը»,-նշվում է հայտարարության մեջ:

Համանախագահները վերահաստատել են նաև իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում` ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման:

«Հայ պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո»,- ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել