Tert.am-ը գրում է.
Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրած համաձայնագիրը շատ կարևոր դերակատարում ունի Հայաստանի ապագայի համար: Այսօր «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովին նման հայտարարություն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նկատեց, որ այսօրվա քննարկման մեջ հատկապես կարևոր է իրավունքի գերակայության մասը:
«Այսօր քաղաքացիական հասարակության գործընկերներից մեկը պնդում էր, որ քաղհասարակությունը պետք է համախմբվի նոր իշխանությունների հետ ու աշխատի, և ամեն ինչ լավ կլինի: Ես կարծում եմ, որ քաղհասարակությունը չպետք է համախմբվի որևէ կառավարության հետ, որևէ օրվա իշխանության հետ, այլ պետք է watchdog-ի դեր տանի»,- ասաց նա:
Մարուքյանը հիշեցրեց, որ ինքը 10 տարի ՀԿ սեկտորում աշխատած մարդ է, և կարծում է, որ քաղհասարակությանը դերը, ավելին, անհրաժեշտ է:
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում ստեղծվել է մի վիճակ, որտեղ չկա ֆունկցիոնալ ընդդիմություն, իսկ քաղհասարակության մարմինների ներկայացուցիչներից շատերը ներգրավվում են պետական բարձրաստիճան պաշտոններում:
«Ես՝ որպես այս իշխանության մաս կազմող մարդ, ներկայացուցիչ, հորդորում եմ քաղաքացիական հասարակության իմ գործընկերներին, որ նրանք մեզ հետ որևէ կերպ չհամախմբվեն՝ շարունակելով իրականացնել իրենց առաքելությունը: Միայն այս պարագայում է, որ ես կարող եմ հանգիստ քնել և մտածել, որ մենք կարող ենք ունենալ իրավունքի գերակայությամբ պետություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



