Վերջապես վերջնականորեն հաստատվեց Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման ժամկետն ու տեղը՝ նրանք կհանդիպեն հունիսի 12-ին, Սինգապուրում։ Սրան նախորդել էին բազմաթիվ հաստատումներ ու հերքումներ, եւ մամուլը այս հանդիպման կազմակերպումը արդեն անվանում էր «մելոդրամատիկ սերիալ»։ Երեւի այս ձգձգման պատմության մեջ ավելի մեծ դեր ունի Թրամփի ադմինիստրացիան, որը համարում է, թե երկրները հավասար միջազգային քաշեր չունեն եւ փորձում է հանդիպումը ներկայացնել որպես Միացյալ Նահանգների կողմից մեծ զիջում։

Հանդիպմանը նախապատրաստվելիս, որպես բարի կամքի դրսեւորւմ, կորեական կողմը բանտից ազատ էր արձակել մի քանի ամերիկյան քաղաքացիների, ոչնչացրել էր Փհունգերիի միջուկային փորձարկումների պոլիգոնը, եւ հայտարարել էր, թե դադարեցրել է միջուկային եւ հրթիռային փորձարկումները։ Հանդիպումը պետք է վերաբերի Հյուսիսային Կորեայի միջուկազերծմանը, եւ այսքան ձգձգումից ու իրեն թանկացնելուց հետո Վաշինգթոնին անհրաժեշտ են բացարձակ երաշխիքներ, որ Հյուսիսային Կորեան կհանձնի իր միջուկային զենքերը եւ այլեւս երբեք չի փորձի նման զենքեր ձեռք բերել։ Մյուս կողմից, Հյուսիսային Կորեայի ներկա ռեժիմը որպես իր գոյության եւ անվտանգության երաշխիք է տեսնում իր միջուկային զենքը։

Այս զինանոցը բավականաչափ հզոր չէ, Փհենյանը չունի երկրորդ հարվածի հնարավորություն եւ նրա միջուկային ռազմավարությունը հիմնված է «Ձեզ էլ կպայթեցնեմ, ինձ էլ » տրամաբանության վրա։ Հրաժարվելով դրանից, Հյուսիսային Կորեան ոչ միայն կորցնում է աշխարհին շանտաժի ենթարկելու հնարավորությունը, այլ միգուցեւ գոյատեւելու հիմնական կռվանը։

Վերջին մեկ-երկու տարում Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը կտրուկ զարգացում ապրեց։ Ի հայտ եկան նոր, ավելի հզոր միջուկային մարտագլխիկներ, նաեւ՝ ավելի երկար հասանելիության հրթիռներ։ Ըստ կորեացիների պնդումների, նրանք արդեն կարող ենք միջուկային ռումբ հասցնել մայրցամաքային ԱՄՆ տարածք։ Նման զարմանալի կտրուկ աճը աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի դեպքում փորձագետները պայմանավորում են Ռուսաստանի օժանդակությամբ։ Ավելին, ռուսները չեն էլ թաքցնում, որ Հյուսային Կորեան դառնում է միջուկային շանտաժի իրենց գործիքներից մեկը։

Միաժամանակ, մերձենալով ռուսների հետ, Փհենյանը կորցրեց իր հիմնական սպոնսորին՝ Չինաստանին, ով համարում էր, որ ինքը մենաշնորհ ունի հանդիսանալու աշխարհից մեկուսացված Հյուսային Կորեայի քաղաքականության միջնորդը։ Ավելին, Պեկինն ամենեւին ուրախ չէր իր անմիջական հարեւանությամբ եւս մեկ զարգացող միջուկային երկիր ունենալու կապակցությամբ։ Այս էր պատճառը, որ ի զարմանս բոլորի, Չինաստանը ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներին կողմ քվեարկեց։

Այս պայմաններում դիկտատոր Կիմ Չեն Ընը ստիպած եղավ դիմել Միացյալ Նահանգներին՝ բանակցությունների խնդրանքով։ Փորձագետների եւ քաղաքական դեմքերի մակարդակով քննարկումներից հետո հայտարարվեց ողջ պատմության ընթացքում առաջին անգամ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման հնարավորության մասին։

 

Հստակ օրակարգ չի հայտարարված, սակայն Փհենյանը ակնկալում է այս հանդիպման արդյունքում հասնել պատժամիջոցների ռեժիմի էական թուլացման։ Պարզ չէ նաեւ, թե ինչպես է նա զիջելու իր միջուկային զինանոցը՝ աշխարհի վրա ազդելու թերեւս իր միակ միջոցը։

Կորեական ճգնաժամի պատճառով Միացյալ Նահանգները հսկայածալ զորքեր է մոբիլիզացրել այս տարածաշրջանում, ինչը ոչ միայն հսկայան ծախսեր են, այլեւ նյարդայնացնում են ինչպես իր դաշնակիցներին, այնպես էլ մրցակից Չինաստանին, եւ շատ են բարդացնում այլ հարցերի քննարկումները, մանավանդ՝ ԱՄՆ կողմից վերջերս հայտարարված առեւտրային պատերազմի պայմաններում։ Վաշինգթոնը եթե անգամ այս հանդիպման արդյունքում չհասնի լրիվ զինաթափման, գոնե պետք է ստանա այս ուղղությամբ քայլերի հստակ հաջորդականություն՝ այլ դեպքում Թրամփի առաքելությունը կհամարվի տապալված։ Սակայն Թրամփը նաեւ պետք է գտնի իր հյուսիսկորեական հակառակորդի դեմքը փրկելու ձեւերը, ով ենթադրվում է, որ պետք է հայտարարի իր էական նահանջի մասին։

Ամեն դեպքում, կարծես թե այս անգամ հանդիման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջնական է, եւ հունիսի 12-ին աշխարհը ականատես կլինի Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանում կարեւոր անվտանգության սպառնալիքներից մեկի եթե ոչ լուծմանը, ապա թուլացմանը։ Միաժամանակ, գլոբալ համաձայնության հասնելուց հետո առաջանում են ծիծաղելի խոչընդոտներ, օրինակ հյուսիսկորեական առաջնորդը համաձայնվել է իջեւանել սինգապուրյան ամենաթանկ հյուրանոցներից մեկում միայն, մինչդեռ իր երկրի համար մեծ դժվարություն է ներկայացնում վճարել տասնյակ հազար դոլարների  հասնող հյուրանոցային ծախսերը։ Միջնորդները փորձում են հանգանակություն կազմակերպել։

Աղասի Ենոքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել