
Այս սարսափելի իրադարձությունը տեղի է ունեցել նախորդ դարի սկզբին Ֆրանսիայում: Ինչու՞ երիտասարդ գեղեցկուհի Բլանշ Մոնյեն քառորդ դար անազատության մեջ պահվեց, այն էլ ամենահարազատ մարդկանց մոտ: Ինչպե՞ս նա այնտեղ հայտնվեց և ի՞նչ ավարտ ունեցավ պատմությունը:
Մոնյեի գաղտնի սենյակը
«Պարո՛ն գլխավոր դատախազ, պատիվ ունեմ Ձեզ հայտնելու արտակարգ իրավիճակի մասին: Ես խոսելու եմ ծեր կախարդի մասին, ով փակված է մադամ Մոնյեի տանը: Կինը սովի մատնված է ապրում և վերջին քսանհինգ տարիների ընթացքում քնում է փտած անկողնու վրա», - ասվում է անանուն նամակում, որը ֆրանսիական Պուատյե քաղաքի ոստիկանություն էր ուղարկվել 1901 թվականին:
Մոնյեներն ազնվական և հարգված ընտանիք էին: Մադամ Մոնյեն և իր ամուսինը բարեգործների կատարյալ կերպարներ էին այլոց համար. չափազանց բարեպաշտ էին, շռայլորեն բարեգործություններ էին կատարում և ընդհանուր առմամբ պատիվ ու հարգանք էին վայելում քաղաքացիների մոտ:
Սակայն այս բարեգործների մեջքի հետևում սարսափելի ճշմարտությունն էր թաքնված: Ոստիկանության բաժնում դեռևս հիշում էին, թե ինչպես 25 տարի առաջ Լուիզա-Լեոնարդայի և Շառլ-Էմիլ Մոնյեի ընտանիքում անհետացավ նրանց երիտասարդ, գեղեցիկ դուստրը, ով շլացուցիչ կազմվածք ու փարթամ մազեր ուներ: Թե որտեղ էր նա անհետացել, հետաքննության արդյունքում այդպես էլ չհաջողվեց պարզել: Երբ ոստիկանության աշխատակիցներն այդ տարիներին այցելեցին Մոնյեների բնակարան, ընտանիքը կրկին հարստության մեջ էր ապրում: Երբ իրավապահ մարմինները փորձելով գտնել գաղտնի սենյակ՝ գտան այն ու կոտրեցին դրա դուռը, գարշահոտությունը հասավ նրանց քթերին: Այդ սենյակում լիակատար խավար էր տիրում, իսկ պատուհաններն ամբողջովին ծածկված էին: Փտած ծղոտե ներքնակի վրա՝ իր արտաթորանքի ու սննդային մնացորդի հետ նստած էր չափազանց հյուծված մի տարեց կին, ում մարմինը ծածկված էր սեփական վարսերի խիտ ծածկույթով: Այդ կինն իրականում գեղեցկուհի Բլանշն էր, ով այդ պահին արդեն 49 տարեկան էր, 166 սմ հասակ ուներ և կշռում էր ընդամենը 26 կգ:
Շուրջբոլորը առնետներ էին վազվզում, որոնք Բլանշի կյանքի միակ ուղեկիցներն էին դարձել: Առնետների «մայրը» դարձած Բլանշը իր «երեխաներին» սեփական կերակրից մի մաս էր տալիս:
Երբ թշվառ կնոջը ծածկոցով փաթաթված դուրս բերեցին տնից, Լուիզա-Լեոնարդան նստած էր հյուրասենյակում և սուրճ էր ըմպում: Բլանշին հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ կնոջ մոտ հյուծման ծանրագույն աստիճան ախտորոշեցին: Ըստ տարածված շշուկների՝ նա իրեն շատ հանգիստ էր պահում, համաձայնում էր ուտել, լոգանք ընդունել և անգամ ասել է. «Ինչ լավ է այսպես»:
Իսկ Լուիզա-Լեոնարդայի և նրա ավագ որդու՝ Մարսելի դեմ հետաքննություն սկսվեց անցկացվել, որի նպատակն էր պարզելը՝ ի՞նչ մեղք էր գործել Բլանշը, որ նման դժոխային վերաբերմունքի էր արժանացել:
«Մութ ընտանիքը»
Չնայած այն բանին, որ Մոնյեները առատաձեռն բարեգործներ էին, նրանք ևս մութ գաղտնիքներ ունեին: Ինքը՝ Լուիզա-Լեոնարդան, ով բորսային միջնորդի դուստր էի, ասում են, մռայլ ու ագահ կին էր: Նա չէր հետևում հիգիենայի տարրական կանոններին, և ծառաներն ասում էին, որ միշտ կրում էր նույն կեղտոտ զգեստը:
Բլանշն ավագ եղբայր ուներ՝ Մարսեն Մոնյեն, ով նույնպես սբավականին տարօրինակ հակումներ ուներ: «Temps» ամսագրի լրագրողը Մարսելի հակիրճ բնութագրումն է տվել, ըստ որի. «Այս փոքրիկ, տկար անձնավորությունը երկար վերջույթներ ուներ, որոնք կարծես կորում էին չափազանց լայն հագուստի մեջ: Սուր գլուխ ուներ, կարմրամորուք էր, լայն այտոսկրեր, սուր քիթ ուներ, և այս ամենի համակցությունը նրան տալիս էր գիշերային սարսափելի թռչնի տեսք»: Մարսելը ևս կարծես շնչառական զգայարաններ չուներ, քանի որ չէր զգում իր վրայի սարսափելի հոտը:
Ամբողջովին հասկանալի չէ, թե այս ընտանիքում ինչ դեր ուներ Շառլ-Էմիլը՝ Լուիզա-Լեոնարդայի ամուսինը, ով կիրթ ու փափուկ, սակայն թույլ բնավորության տեր մարդ էր: Պուատյեի լիցեի բանասիրական ֆակուլտետի փոխդեկանն էր:
Մարսելի ծնունդից անմիջապես մեկ տարի անց լույս աշխարհ եկավ Բլանշը: Վերջինս երջանիկ ու անհոգ մանկություն է ունեցել, շատ է խաղացել եղբոր հետ, սակայն ողջ կյանքի ընթացքում անբացատրելի նոպաներ է ունեցել, շատ նյարդային է եղել: Տարիքի հետ միասին նրա վիճակը բարդացավ. ամենուր ուրվականներ էր տեսնում, ծիծաղում էր առանց պատճառի, հանում էր կիսաշրջազգեստն ու կախվում պատուհանից: Նրա հարաբերությունները մոր հետ ևս վատացան: Բլանշը պնդում էր, որ իր հիստերիկ նոպաների առկայությունը պայմանավորված է շրջակա միջավայրով, որում մեծացել է, և որն իրականում շատ հեռու է խաղաղ ու հավասարակշռված ընտանիք կոչվելուց:
Բլանշը սիրահարվել էր հարևանությամբ ապրող մի փաստաբանի, սակայն աղջկա մայրը պնդում էր, որ այդ տղան համապատասխան չէ իր դստերն ու նա թույլ չի տա վերջիններիս հարաբերություններ սկսել: Սակայն Բլանշն, այնուամենայնվիվ, շարունակում էր հանդիպել այդ տղայի հետ: Շշուկներ էին պտտվում անգամ, որ Մոնյեն հղիացել ու երեխա է լույս աշխարհ բերել, սակայն այդ երեխան կա՛մ մեռած է ծնվել, կա՛մ նրան սպանել են:
Վերջիվերջո, խայտառակությունից փախչելու համար Լուիզա-Լեոնարդան դստերը փակել է մութ սենյակում: Վերջինս չի ըննդիմացել, քանի որ չէր կարծում, ար այդ «ազատազրկումը» 25 տարի կշարունակվի:
Մոնյեի դատավարությունը
Բլանշն այդ սենյակում միայնակ մնաց իր ճակատագրի հետ: Տասը տարի անց մահացավ նրա սիրելի փաստաբանը: Երբ Շառլ-Էմիլը վախճանվեց 1882-ին, նա անգամ կյանքի վերջին օրերին չպահանջեց իր կնոջից ազատ արձակել դստերը: Բլանշի մասին հոգ էին տանում բացառապես մի քանի նաժիշտներ: Նրանցից մեկը՝ Ֆազին, կին էր, ով Մոնյեների ընտանիքին էր ծառայում արդեն 45 տարի: Նա Բլանշին քնքշանքով ու ջերմությամբ է վերաբերվում, սակայն նա ևս մահացավ, իսկ նրան հաջորդող նաժիշտները առանձնահատուկ ցանկություն չունեին խնամելու և օգնելու հոգեկան հիվանդին: Նույնը վերաբերում էր նաև Բլանշի եղբորը, ով ձևացնում էր, իբր ոչինչ չգիտի ազատազրկված քրոջ մասին: Այսպիսով, աստիճանաբար Բլանշը զրկվեց երբևէ այդ սենյակից դուրս գալու բաղձալի հնարավորությունից:
Իսկ ինչ կպատահեր, եթե չլիներ ոստիկանությանը նամակ ուղարկած անանուն մարդը: Կա վարկած, որ այն բանից հետո, երբ Լուիզա-Լեոնարդան հիվանդացավ, ոստիկանությանը նամակն ուղարկել է Մարսելը՝ վախենալով, որ մի օր ամեն ինչ ջրի երես դուրս կգա:
1901 թ. մայիսի 4-ին Մարսել Մոնյեն և նրա մայրը ձերբակալվեցին:
Սակայն 15 օր անց մադամ Մոնյոն մահացավ բանտախցում, այդպես էլ չիմանալով մինչև դատավարության օրը: Դատական նիստին ներկա էին տասնյակ լրագրողներ:
Հարևանները պատմում էին, որ Մոնյեների տան կողմից պարբերաբար ճիչեր են լսել ու անգամ դրանցից որոշ բառեր են առանձնացրել՝ «բարեգործություն», «ազատություն», «աղաչում եմ»: Վկաներից մեկն ասում էր, թե 1892 թ. օգոստոսի 16-ին կինը գոչել է. «Ի՞նչ եմ ես արել, որ փակել եք ինձ այստեղ: Ես արժանի չեմ նման սարսափելի փորձության: Աստված գոյություն չունի: Չէ՞ որ եթե գոյություն ունենար, կենդանի արարածներին թույլ չէր տա այսքան տառապել: Ինչու՞ ոչ ոք ինձ օգնության չի հասնում»: Հետաքրքիրն այն է, որ վկաներից և ոչ ոք ողջ ընթացքում չի դիմել ոստիկանությանը:
Մարսելին 15-ամսյա ազատազրկման ենթարկեցին, սակայն նրան և նրա փաստաբանին այդ դատավճիռն անարդար թվաց: Մարսելը բողոքարկեց դատավճիռը՝ պահանջելով մեղմել իր պատիժը:
Մինչև կյանքի վերջին օրերը Բլանշ Մոնյեն մնաց հոգեբուժարանում, ոչտեղ նրան ճաղատացրին, քանի որ մի ժամանակ գեղեցիկ եղած նրա խոպոպներն այլևս անհնար էր սանրելը: Ժամանակի ընթացքում կնոջ մազերն աճեցին, սակայն գիտակցությունն այդպես էլ չկարգավորվեց: