Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել համամասնական ընտրակարգի։ Սրա մեջ ոչինչ չէր լինի արտառոց, եթե դրանում առկա լիներ նաև մեծամասնական ընտրակարգի բաղադրիչը։ Անդրադառնամ այս հարցի առաջին մասին։
1. Ռեյտինգային համակարգը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ներդրվեց այսպես կոչված ընտրությունների ընթացքը իշխանության վերադասավորման համար ավելի սահուն կազմակերպելու համար։ Պայմանական՝ Սամվել Ալեքսանյանը ոչ միայն ինքն էր պատգամավոր դառնում, այլև իր հետ պառլամետն էր տանում պայմանական Արմեն Աշոտյանին։ Սա որոշակի բալանսավորում էր ապահվում նախևառաջ կուսակցության ներսում, քանի որ մեկը մյուսին փոխզսպում էր։ Մեկ բառով ասած՝ պայմանական Աշոտյանի անվան տակ պատգամավոր էր դառնում նաև Ալեքսանյանը։ Հաղթանակի ձևակերպողը լինում էր Ալեքսանյանը։ Այսինքն՝ օլիգարխիան քաղաքական թիմի հետ ներդաշնակ քայլ էր ապահովում։ Սրանով փորձ էր արվում կուսակցությունների անձնակենտրոնությունը չեզոքացնելու, փոխարենը, սակայն, հարցի բարոյական կողմը բավականին խոցելի էր, որովհետև մեկ կուսակցությունից պատկառելի ձայներ հավաքողը կարող էր չհայտնվել խորհրդարանում, որովհետև կուսակցությունն ընդհանւոր ցուցակով չի կարողացել ապահվել անցողիկ շեմ։
2. Նախկին մեծամասնական ու համամասնական ընտրակարգի դեպքում նույնպես առկա էր անձնակենտրոնության գործոնը, սակայն մեկ տարբերությամբ․ մեծամասնականի դեպքում ձայները տարածվում էին բացառապես անհատ պատգամվորի վրա, ու նա դառնում էր քաղաքական սուբյեկտ։ Սրա մինուսն էլ այն էր, որ շատ հաճախ նախկին իշխանությունները մեծամասնական ընտրակարգերում առաջադրում էին օդիոզ դեմքերին, որոնք տարբեր միջոցներով կարողանում էին ձայներ ստանալ ու ապահովել իրենց տեղը պառլամենտում՝ դա ծառայեցնելով նաև անձնական շահերին։
3. Նոր կառավարությունը նախատեսում է ապահովել միայն համամասնական ընտրակարգ։ Ճիշտ է, օդիոզ դեմքերը՝ որպես քաղաքական հարաբերությունների կարգավորող, այլևս չեն ունենա այն ազդեցությունը, սակայն գործող կուսակցություններին, հենց Նիկոլ Փաշինյանին պետք են գալու խարիզմատիկ քաղաքական գործիչներ, որոնք անհրաժեշտ են լինելու ՔՊ-ի համար բավականաչափ ձայներ ապահովելու համար։ Եվ այս դեպքում ցուցակ կազմելիս Փաշինյանն ունենալու է լրջագույն խնդիրներ, որովհետև տարբեր են լինելու ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների պահանջներն ու աշխարհայացքը։ Եվ այս դեպքում, փաստորեն, նորից շեշտը դրվում է կուսակցությունների անձնակետրոնության վրա։
Հ,Գ. Անկախ ամեն ինչից՝ Հայաստանում դեռ մի որոշ ժամանակ բավականին ակտուալ ու ազդեցիկ են լինելու քաղաքական անձերը, որոնք դեռևս փոխարինում են քաղաքական ինստիտուտներին։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը, հետևաբար, պիտի լինի ոչ թե համամասնական ու մեծամասնական ընտրակագերի վերացումը կամ հաստատումը, այլ օդիոզ դեմքերի վտարումն ու դաշտն իրապես քաղաքական մարդկանցով լցնելը։ Մեկ բան է քրեական հեղինակությունը, մեկ այլ բան, ասենք, հաջողված մենեջերն ու ուսուցիչը։ Հակառակ պարագայում սա լինելու է դարձ ի շրջանս յուր՝ վերադարձ նախկինին։