Խոշոր առևտրային ցանցերում հարյուրավոր ԱՁ-ների գործունեության բացահայտումից հետո սոցցանցերում ու մեդիայում որոշակի շրջանակների կողմից ներկայացվում են այս ամենի հետևանքով սպասվող իբր բացասական հետևանքները:
Հիմնականում ասվում է, թե այդ ԱՁ-ներով վաճառվող ապրանքները կթանկանան 50-60%-ով: Իհարկե, այդ կանխատեսումները կա՛մ չեն հիմնավորվում, կամ էլ «հիմնավորվում» են ակնհայտ կեղծ փաստերով: Հիմնական փաստարկն այն է, թե իբր հարկային ճիշտ ձևակերպումների դեպքում տնտեսվարողները ստիպված այդ ապրանքները թանկացնելու են 50-60%-ով: Նման բան չկա:
Բերեմ պարզ օրինակ: Դիցուք՝ տնտեսվարողը շուկայից համեմը գնել է մեծածախ գնով՝ 70 դրամով: Մինչ այս գործած մեխանիզմով նա վաճառել է այն 100 դրամով ու դրանից վճարել է 2% շրջանառության հարկ: Մնացած 28 (100-70-2) դրամից հանել է իր ծախսերը (մոտ 5 դրամ) ու ստացել է 23 դրամ շահույթը: Ի՞նչ կլինի ԱԱՀ-ով աշխատելու դեպքում, կամ ինչպե՞ս ստանալ նույն շահույթը ԱԱՀ-ով: Այս դեպքում ապրանքի թանկացնենք այնքան, որ արդեն ԱԱՀ-ն վճարելուց հետո ստանանք նույն թիվը, ինչ ունեինք նախորդ դեպքում շրջանառության հարկը վճարելուց հետո: Այդ պատկերը ստանում ենք 124.5 դրամ գնի դեպքում: ԱԱՀ-ն կլինի 20.75: Այս դեպքում էլ հարկերն ու ձեռքբերման գումարները հանելուց հետո մնում է 33.75 դրամը (124.5-20.75-70), որից նույնկերպ հանվում են մնացած ծախսերը (5 դրամ), և մնացած գումարի 20%-ը վճարվում է շահութահարկ՝ 33.75 - 20% = 23 դրամ: ԱԱՀ-ի հետևանքով փաստացի թանկացումը խոշոր ցանցերում ստացվեց 24.5%, որը այդ «կանխատեսումների» թվի կեսից էլ պակաս է:
Նույն մարդկանց կողմից կանխատեսվում է նաև, թե տեղական արտադրանքը կդառնա ավելի թանկ, ու որոշ տնտեսվարողների համար ավելի ձեռնտու կլինի ներմուծվածը վաճառել: Նախ՝ տնտեսագիտական ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ցանցերում թանկացումները նման պատկերի չեն բերի: Սուպերմարկետներում միշտ էլ մի շարք մթերքների մասով իրար կողքի վաճառվել են թե՛ տեղականը, թե՛ ներմուծվածը: Գնայինով հիմնականում ներմուծվածը 50-200%, երբեմն նույնիսկ 400%-ով ավելի թանկ է վաճառվել, քան տեղականը: 24.5% հնարավոր թանկացումը տեղականն ավելի էժան կթողնի, բայց նույնիսկ հին մեխանիզմի դեպքում էլ, օրինակ, տեղական կիտրոնը 50-100% ավելի թանկ է եղել պարսկականից: Բայց տեղական կիտրոնը վաճառվել է ու պահանջարկի խնդիր չի ունեցել:
Կարևոր է նաև հասկանալը, որ այս հնարավոր թանկացումը վերաբերելու է միայն խոշոր տնտեսվարողներին: Սա բացասական չի անդրադառնալու ո՛չ գյուղացու վրա, ո՛չ մանր ու միջին վաճառողի վրա:
Պնդում են, թե սրա հետևանքով գյուղացու բերքը չի վաճառվի, կփչանա ու կունենա իր բացասական հետևանքները գյուղացու վրա: Այս պնդման համար բացարձակապես ոչ մի հիմք չկա: Չեմ պատկերացնում, թե ինչու պետք է քաղաքացին էականորեն ավելի քիչ լոլիկ կամ ծիրան գնի զուտ այն պատճառով, որ ինչ-որ սուպերմարկետում այն թանկացել է իրենց բակի խանութի հետ համեմատած:
Այս ամենի դրական հետևանքները շատ մեծ ու կարևոր են լինելու: Սրանից շահելու են մանր ու միջին տնտեսվարողները և իրենց արտադրանքն իրացնող գյուղացիները: