Մայիսի 28-ին կնշենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Երևի առավելագույն նվերն ինքն իրեն Հայաստանը հոբելյանի առիթով արեց թավշե հեղափոխությամբ, որ, քաղաքականից ու տնտեսականից բացի, պիտի անպայման ունենա գաղափարական վերարժևորման նշանակություն, արժեքային համակարգի ճշտման, գուցե նաև ձևավորման, եթե հաշվի առնենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում ավելի շուտ ու ավելի շատ եղել է ձևական կամ խեղված բովանդակությամբ: Հիմա մենք անցումային փուլում ենք, և միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի վերջնականապես գնահատել թավշե հեղափոխության արդյունքներն ու հետևանքները:
Ընտրությունների կազմակերպումը կարևորագույն հարց է, որ պահանջում է ոչ միայն օրենսդրական, այլև տեխնիկական ու կուսակցական տարատեսակ խնդիրների լուծում: Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունները, ըստ տեղեկությունների, արդեն սկսվել են և գլխավոր հարցի` ռեյտինգային ընտրակարգի հանման սկզբունքային համաձայնություն խորհրդարանում կա` բացառյալ ՀՀԿ-ն, որ առայժմ ԸՕ-ի փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Ընդհանրապես արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Հունիսից կսկսվեն ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ քննարկումները:
Եթե ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնություն չստացվի, արդարադատության նախարարությունը կարող է ՍԴ հայց ներկայացնել ռեյտինգային ընտրակարգը հակասահմանադրական ճանաչելու համար․ Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգը, իսկ ԸՕ-ի ռեյտինգայինը մեծամասնական է, ըստ էության: Նոր իրավիճակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար դա կլինի առաջին փորձությունը: Եթե նա համառի, ևս մեկ տարբերակ կա` հանրաքվեի դնել արտահերթ ընտրությունների հարցը: Առավել տրամաբանական ժամկետը` բոլոր աշխատանքները Հայաստանում ու միջազգային կառույցների հետ ավարտելու համար աշունն է: Բայց, օրենսդրականից բացի, կա կուսակցությունների պատրաստ լինելու խնդիրը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կուսակցությունները կենդանության նշաններ են ցույց տալիս միայն ընտրությունների առիթով: Ֆինանսական նկատառումներից ելնելով` շատ կուսակցություններ, այդ թվում` ՔՊ-ն, մարզային կառույցներ չունեն, մինչդեռ դա պարտադիր պայման է: Գործող կառավարությունը կոալիցիոն է փաստացի, թեպետ որևէ համաձայնագիր կամ հուշագիր ՔՊ-ի, ԼՎԿ-ի, «Հանրապետության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի միջև չի ստորագրվել:
Ընտրություններին այդ կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, կգնան միայնակ: Իհարկե, կլինեն նաև դաշինքներ, բայց այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՕԵԿ-ը, Ազատ դեմոկրատները, դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվությունից` կմասնակցի նաև ՀԱԿ-ը, հարկավ՝ «Ժառանգությունը» ու ԵԾ-ն, կլինեն նաև այլ ուժեր, չի բացառվում նոր կուսակցությունների ստեղծում հների հաշվին, թեպետ կարճ ժամանակում դա հաջողության երաշխիքներ չունի: Հաջողության երաշխիքներ, ընդհանրապես, որևէ կուսակցություն կարող է չունենալ: Եթե արտահերթ ընտրություններն ազատ ու արդար անցնեն, իսկ դա պարտադիր պայման է, այլապես անիմաստ են դառնում, «բարեգործության» հաշվին մինչև հիմա խորհրդարան մտած ուժերը հազիվ կարող են 5 տոկոսը հաղթահարել, ուր մնաց 50+1 ձայն կամ բացարձակ մեծամասնություն ստանալ, ինչպես զրնգուն հայտարարում է ԲՀԿ-ն: Թեպետ իր գործունեության ամբողջ ընթացքում ԲՀԿ-ն միայն ապացուցել է, որ իշխանության կցորդն է: Թավշե հեղափոխության հաղթանակից հետո էլ կցվեց նոր իշխանությանը, և հազիվ թե ՀՀ-ում գտնվի մեկ մտածող ու չբարերարված ընտրող, որ Ծառուկյանին համարի ընդդիմադիր կամ, ընդհանրապես, քաղաքական գործիչ:
ԱԺ մտնելու խնդրին բախվելու է նաև ՀՀԿ-ն, եթե մինչ այդ հաջողվի չեզոքացնել վարչական ռեսուրսները: Մարզպետների փոփոխությունը կարևոր հարց է ընտրությունների նախապատրաստման առումով, բայց հաստատ հնարավոր չէ փոխել գերազանցապես ՀՀԿ-ական գյուղապետերին: Ճիշտ է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արդեն ասել է, որ շատ կցանկանար տեսնել, թե ինչպես են քրեական հեղինակություննեն ընտրություններում փող բաժանում, բայց ակնհայտ է, որ ոստիկանապետին կամ ոստիկաններին չեն հրավիրի այդ հույժ կարևոր գործընթացին:
Իր բարձր վարկանիշը պահելու համար Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրությունները գերանհրաժեշտ են տնտեսական իրավիճակի կարգավորումը և դեկապիտալիզացիայի օրենքի ընդունումը: Տասնամյակներով ձևավորված ապօրինի կապիտալը պաշտպանելու համար պետական համակարգը բովանդակազրկվել է` վերածվելով օլիգարխիայի շահերի պաշտպանության գործիքի: Մենաշնորհվել են ոչ միայն տնտեսությունը, այլև խորհրդարանը, կառավարությունն ու դատական մարմինները, ընտրությունները վերածվել նշանակումների՝ ըստ վճարի: Դեկապիտալիզացիայի օրենքի ընդունումով հնարավոր կլինի լուծել բիզնեսի ու իշխանության տարանջատման, սեփականության անձեռնմխելիության, ստվերից դուրս գալու ու կոռուպցիայի բացառման հարցերը:
Բիզնեսը պետք է դուրս գա ստվերից ու աշխատի մրցակցային պայմաններում: Կհաջողվի՞ լուծել այս խնդիրները, կարող եք համարել, որ արտահերթ ընտրություններից հետո կսկսվի Հայաստանի չորրորդ հանրապետությունը: