|
ԴՈՒ ԻՆՁ ՉԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ Դու ինձ չես հավատում: Եվ ինչ, դրանում նորություն չկա ո՛չ իմ եւ ո՛չ էլ պատմության համար: Դա ըն դամենը իմ ճակատագիրն է, բայց քո պատիժը: Եվ որքան էլ աճպարարես, ո՛չ իմ եւ ո՛չ էլ պատմության համար բացառիկություն չես դառնալու: Թեեւ կարող ես հիշվել նույն կերպ, ինչպես կատոնացիք, որ հրի մատնեցին Պյութագորասին ու նրա դպրոցը, կամ դելփիացիք, որ ձորը գլորեցին ազատամիտ ու ստեղծագործ առակագրին: Բայց երբեք մի մոռացիր, որ երկուսն էլ արյան ծովում խեղդամահ լինելով ՝ վճարեցին իրենց մեղքի համար: Ոչ, ես քեզ դատավճիռ չեմ կայացնում, քանզի հետեւում եմ Խոսքին. մի դատիր, որ չդատվես: Ես վերջին անգամ փորձում եմ զրուցել քեզ հետ՝ հուսով, թե դու ի վերջո կհասկանաս, որ քո անհավատության մեջ ոչ թե իմ, այլ քո վախճանն է արձանագրված: Եվ երբ գոռոզությանդ ու ինքնահավանությանդ ամրոցը փոշիանա, ինձնից կփրկվի ամենափոքր մասնիկն իսկ, որ կայուն մնաց հավատարմության ու ծառայության ուխտում, բայց քեզնից՝ ոչինչ: Հիշո՞ւմ ես, խորհրդային հոգեբաններն իրենց հատուկ ցինիկությամբ գիտափորձ էին արել անգամ ամենաթշվառ երեւույթի՝ գաղութի «պարաշոչնիկների» վրա, որպեսզի ապացուցեին, որ ոչ թե իշխանությունը, այլ մարդկային բնությունն էր մեղավոր գաղութների համակարգի արատավորության մեջ: Բայց դա չփրկեց այդ իշխանությունը, եւ սխալվում ես, եթե կարծում ես, թե քեզ փրկելու է: Մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա, որ քեզ անեն. մի՞թե այդքան անըմբռնելի է քեզ համար այս անչակերտ պարզ ճշմարտությունը, որ ստորների հասարակությունը կերտելով ՝ փորձում ես անմեղի լուսապսակ ձեռք բերել: Չէ՞ որ ստորներից ամեն մեկը, որն արդեն քոնն է, արժեք չունի, քանզի անգամ դու լավ ես ըմբռնում, որ քո իրական պաշտպանները նրանք են, ովքեր քո կամքին չեն ենթարկվել: Ես հասկանում եմ ՝ դու ինձ չես հավատում: Թեկուզեւ այն պատճառով, որ համակենտրոնացման ճամբարը վերապրած հոգեբանի խոսքերով ՝ ազատություն ունեմ իմ հակումների, ժառանգականության եւ միջավայրի ընտրության հարցում: Դու իհարկե նախընտրում ես, որ ես տրվեմ այն հակումներին, որ դու ես ուզում տեսնել, այլ ոչ թե ես եմ երկնել իմ հավատից, ընդունեմ այն ժառանգականությունը, որը դու միայն քանակով ես չափում, բայց ես՝ հոգով, եւ հանդուրժեմ այն միջավայրը, որը քեզ ընդունելի է, եւ դու ողջունում ես, բայց ես առաջվա պես գերադասում եմ պարականոն, սակայն ազնիվ ստեղծագործ ընկերակցությունը: Բայց կներես, նույն հոգեբանի խոսքերով ՝ մարդը հենց նրանով է մարդ, որ կարող է ասել՝ «ո՛չ»: Որովհետեւ, որպեսզի ողջակեզ լինելուն եւ ձորը գլորվելուն պատրաստները քեզ ասեն «այո՛», նրանք պետք է նույնանան քեզ հետ. այն արժեքներին ու փիլիսոփայությանը, որ դու ես ընդունում եւ դավանում: Կշռի՛ր քո արժեքներն ու քո փիլիսոփայությունը եւ փորձիր անաչառ եզրակացության հանգել. արդյո՞ք դրանք ընդունողների մեջ է քո եւ իմ փրկությունը: Ես իսկապես հասկանում եմ, թե ինչու ինձ չես հավատում: Անկեղծորեն, ոչ թե մեղադրում եմ, այլ հասկանում, քանզի գիտակցում եմ, որ քո կույր հետնորդների բանակն ավելի թանկ է քեզ, քան անգամ իմ ու քո փրկությունը: Բայց հետնորդները քո՝ պահի թագավորներն են, որ Խոսքի համաձայն, մի օր շրջվելու ու պատառոտելու են քեզ, իսկ ես՝ ծառան ու խորհրդատուն, որ մինչեւ վերջին շունչը փորձելու է առաջնորդել քեզ Գառան հարսանիքին: Արդ, որոշիր ինքդ: Եվ թող Երկինքը չափի իմ ծառայությունն ու քո հավատը: Բայց քո անհավատությունն ու անկատար առաքելությունը չփորձես բարդել ո՛չ իմ եւ ո՛չ էլ ուրիշների վրա: Իսկ եթե դպիրի նման չեմ սովորեցնում, այլ տիրոջ, ներող եղիր, քանզի ոգին այնտեղ է, ուր ուզում է, երբ ուզում է եւ ինչպես ուզում է: 22.05.96 ՈՉ ԶՈՒՏ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ - Կանգ առ, հասկացա: Արքան մերկ է: - Հետո՞ ինչ: Արքա է, կուզի մերկ կլինի, կուզի... բազմատաղանդ: - Բա երկի՞րը: - Ի՞նչ երկիր: - Մեր պապերից ժառանգած այս մի բուռ հողը, ուր ամեն մի քար ողողված է նախնիների արյամբ... - Համ ասում ես՝ մի բուռ է, այն էլ քարքարոտ, համ էլ ասում ես՝ երկիր: Չէ, սխալ մոտեցում ունես: - Այդ մի բուռն էլ է տալիս... - Լա՛վ է անում: Երկու հազար տարի իրենից շատ ավելի զորեղները տվել են, էն էլ ոչ թե քարքարոտ, այլ հրաշք, բերրի հողերը, ինքն էլ է տալիս: նրանց մեծ տվածները թողած՝ սրա փոքրի վրա ես աչքդ դրել: Եւ հետո, հենց այնպես հո չի՞ տալիս: Գիտականորեն է տալիս, խնդրի խորը եւ բազմակողմանի իմացությամբ: Եւ այդ գործի համար հատուկ խորհրդականներ է պահում: - Իսկ ժողովու՞րդը... - Երբ մեր ժողովուրդը գիր ու մշակույթ ուներ, եւրոպացիները ծառերի վրա էին ապրում: մենք ամենահին ժողովուրդն ենք: - Հնությունը լավ է առարկաների համար, բայց ոչ կենդանի մարմնի: Ժողովրդին թարմություն է պետք, շարժում ու զարգացում, իսկ դու հպարտանում ես հնությամբ: - Մենք հին գինու քաղցրություն ունենք: Որքան հնանում ենք, այնքան քաղցրահամ ու դյուրամարս ենք դառնում համտես անողների համար: Շարժումն ու զարգացումը բախտախնդրություն է, մեր ժողովուրդը դա չի հանդուրժի, Արքան՝ առավել եւս: - Բայց ժողովուրդը մի օր կգիտակցի «հայրենիք« հասկացության արժեքը եւ պատասխան կպահանջի: - Չի հասցնի գիտակցել: Երբ անմիջական հարեւանների հետ հարաբերությունները կարգավորվեն, առատ ապրանք կհոսի, իսկ ամեն մի նոր ապրանք առանձին հասկացություն է եւ առանձին արժեք ունի: Այդքան ապրանքի առատության մեջ մի ինչ-որ «հայրենիքի» արժեքը ո՞վ պիտի գիտակցի: - Չկա երկիր, չկա եւ ժողովուրդ... - Անհիմն հոռետեսություն է: Անգլերեն իմացող այսքան մարդ կա, գումարած տեղական գիտության թեկնածուները՝ մի բան կպահեն: Կարեւորը՝ պատերազմ չլինի եւ ճիշտ բազմանանք: - Պատերազմն արդեն գնում է, իսկ բազմանալը չհասկացա: - Դա մեր պատերազմը չէ: Եթե ուզում ես իմանալ, դա օտարի պատերազմն է, որը մեզ համար պարզապես տոհմաբանական զտիչի դեր է կատարում: Մենք հետեւողականորեն ազատվում ենք այն զանգվածից, որ խանգարելու է մեզ ապրել իբրեւ «սովորական ժողովուրդ»: Իսկ ճիշտ բազմանալու իմաստն այն է, որ օգտագործելով ժամանակը՝ որքան հնարավոր է ավելի շատ «սովորական մարդիկ» ծեփենք: Եւ հետո, սովորական ժողովրդին նույնքան սովորական երկիր է պետք: Այսօրվա երկիրը շատ է մեծ, իսկ ներքեւում տգեղ ձեւով երկարաձգված է: Եթե ներքեւից մի քիչ խուզենք, երկիրը կոկիկ ու գեղեցիկ կդառնա, դրան գումարած՝ մի սահմանակից հարեւան էլ պակաս կունենանք, իսկ դա ազգային անվտանգության հերթական կայուն երաշխիքն է: - Ստացվում է, որ անհանգստանալու պատճառ չկա: Մի քանի մանր խնդիր կլուծենք ու լավ կապրենք... - Իհարկե: Անհանգստության միակ պատճառը թերեւս տոհմաբանական զտման դանաղ տեմպերն են: Սովորական ժողովրդի սովորական զավակ լինել չցանկացողների մի մասը կրկնակի դավաճանություն է գործում: Ճակատ չի գնում, որ ազատվենք, այլ քաղաքում նստած՝ անտեղի գլխացավանք է պատճառում: Պետք է անվանական զորահավաք կազմակերպել եւ ազատվել նրանցից, իսկ թե չգնան, սովորական մարդկանց ջոկատներով նախարար ունենք, թող զբաղվի նրանցով: Բայց չէ, առայժմ չենք կարող: Ժողովրդավարական երկիր ենք, պարտավորություններ ունենք քաղաքակիրթ աշխարհի առջեւ: - Ուրեմն քաղաքակիրթ աշխարհի թվի՞ն ենք պատկանում: - Անշուշտ: Հենց նրա պահանջներով էլ առաջնորդվում ենք: Թեեւ ինքներս էլ կարող էինք կռահել, թե ինչ է պետք անել, բայց քաղաքակիրթ աշխարհն իր խորհուրդներով շատ է օգնում: Կասկածից վեր է, սիրում եւ հարգում են մեզ: Եւ այդ ամենը շնորհիվ նաև, որ թագավորը մերկ է: Մեկ ուրիշը լիներ, բոլորին անհանգստացնելու էր թե երկրի ներսում, թե դրսում: Քաղաքականություն, տնտեսություն, բարենորոգչություն, ազգային արժեքներ, մի խոսքով, սովորական ժողովրդի համար ավելորդ «ությունների» մի աղբակույտ, որից, փառք աստծո, բոլորս ազատված ենք: 13.08.92 |