Իրականում վերջին երկու տարում եղել է միայն երկու հայեցակարգային մոտեցում՝
1. Ազգ-բանակ
2. Խաղաղության հայեցակարգ Տեր-Պետրոսյանի կողմից:
Ես խոսում եմ միայն բաց, հրապարակային եւ դրական ձեւակերպված մոտեցումների մասին: Դրական՝ ոչ թե լավ, այլ դրական՝ բառիս բուն իմաստով: Այսինքն՝ ի հակադրություն զուտ բացասողի՝ նաեւ սեփական նպատակը ձեւակերպող:
Կարեւոր չէ՝ այս մոտեցումներից որն էր առավել հիմնավորված, որն ինչ չափի եւ որակի էր ձեւակերպված, որն էր ճիշտ ու սխալ: Կարեւոր է, որ այլ մոտեցում չի եղել, ու, մեծ հաշվով, չի էլ կարող լինել:
2016-ից պատերազմից հետո իրավիճակին կարող է լինել երկու պատասխան:
1. Հայաստանը պետք է բարձրացնի դիմադրողականության ներուժը, նոր մակարդակի հասցնի այն: Եթե համարվում է, որ դրա կարողությունն ունենք: Դա կարող ենք կոչել ազգ-բանակ թե ազգ-քանակ թե ազգ-օշարակ՝ բացարձակ կարեւոր չէ:
2. Հայաստանը չի կարող ապրել անընդատ դիմադրողականության մեջ, չունի դրա ռեսուրսը, եւ պետք է ձգտի խաղաղության ոչ թե հանուն վերացական պացիֆիզմի, այլ հանուն սեփական իսկ գոյության:
Էս երկուսն են:
Թե գիտեք այլ տրամաբանորեն հնարավոր տարբերակներ, ձեն հանեք: Ընտրությունը գուցե բարդ է, գուցե չի համապատասխանում մեր գեղեցիկ ցանկություններին, բայց սա է:
Հիմա, երբ նոր կառավարության անդամները վիճում են հնի հետ ազգ-բանակի շուրջ, սա ընդամենը տղայական լեզվակռիվ է ոչնչի շուրջ, ընդամենը բառախաղ է եւ ուրիշ ոչինչ:
Ի դեպ՝ սա այն կառավարությունն է, որի վարչապետը, երբ դեռ վարչապետի թեկնածու էր, խոսում էր «ռազմարդյունաբերության թռիչքաձեւ զարգացման» մասին: Նաեւ մի քանի անգամ շեշտել է, որ ներկա պայմաններում խաղաղության մասին խոսել անհնար է, քանի դեռ Ադրբեջանի դիրքերն այնպիսին են, ինչպիսիք այսօր են:
Հիմա սա կարող եք կոչել ոչ թե ազգ-բանակ, այլ վարդագույն նապաստակ, բայց դրանից էությունը չի փոխվում, որովհետեւ էությունը բառերը չեն:
Ես հատուկ այս գրառման մեջ ոչ մի վերաբերմունք չեմ ձեւակերպում:
Ես ուզում եմ, որ մարդիկ, որոնք այս բանավեճում կողմ կամ դեմ են արտահայտվում, մտածեն եւ ընտրեն: Որովհետեւ մարդը քաղաքացի է դառնում, միայն երբ մտածում եւ ընտրում է: