Քաղաքական նույնիսկ «ճ» մակարդակի գործիչը պարտավոր է հասկանալ, որ Ռուսաստանի քաղաքականությունը Արցախի առնչությամբ այլ կերպ, քան երկակի, չի կարող լինել։ Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատները կռվում են Սիրիայում, և երբ այդ երկրի նախագահը հայտարարում էր այնտեղ իրենց պարտականությունները խղճի մտոք կատարող զինվորներին, որ նրանք այդ հեռավոր երկրում պաշտպանում են իրենց հայրենիքը, դա իրականություն է: Արցախը hայի հայրենիքն է, և hայ զինվորն Արցախում պաշտպանում է իր հայրենիքը։ Ռուսաստանը չի կարող չհայտարարել, որ այդ հարցը պետք է լուծվի ըստ տարածքային ամբողջականության մասին միջազգային սկզբունքի։ Նրանք, ովքեր չեն հասկանում սա, ավելի լավ է զբաղվեն ցանկացած այլ գործով, բայց ոչ քաղաքականությամբ։ Մնացած բոլոր հարցերը պարտավոր է լուծել իշխանությունն ընդդիմության հետ, ընդ որում՝ հենց ընդդիմությունը պետք է ստիպի իշխանությանը լուծելու բազմաթիվ հարցեր՝ առանց պահանջելու իշխանության հրաժարականը, պետք եղած դեպքում նույնիսկ զանգվածներին ոտքի հանելու միջոցով, քանզի ցանկացած իշխանություն արագորեն կորցնում է իրականության զգացողությունը, որն արդեն իսկ նկատվում է մեր երիտասարդ ղեկավարության կողմից։ Մեր իշխանությունները մենք ենք, սա պետք է հասկանան բոլորը։ Երեսուն տարի շարունակ հենց իշխանությունների դրդումով ընդդիմությունը պահանջել է հրաժարական՝ այդպիսով շեղվելով ընդդիմության քաղաքական պայքարից, որին կոչված է ցանկացած քաղաքական միավոր, իսկ հասարակության ուշադրությունը՝ պետության առաջ ծառացած խնդիրներից։ Ակտիվ և լուրջ ընդդիմության առկայությունն այնքան կարևոր է, որ առանց դրա ցանկացած կառավարություն վերածվում է ընդամենը խամաճիկների բազմության․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: