Որքան էլ մեծ ու արդարացի լինի ներքաղաքական փոփոխություններից ոգևորությունը, շատ կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել այն ամենն, ինչ կատարվում է դրսում՝ ուղղակի կամ անուղղակի խողովակներով ազդելով մեր երկրի վրա:
Տվյալ պահին կարևորվում են ԵԱՏՄ-ական գործընթացները, մասնավորապես՝ վերջին գագաթնաժողովն ու Իրանի հետ ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումը:
Երկու միջոցառումների պարագայում էլ Հայաստանի՝ կառույցում տեղի և դերակատարության զգալի աճ ունենք: Առաջինի պարագայում, քանի որ գագաթնաժողովի սեղանին նստեց անդամ-պետությունների ղեկավարներից ամենալեգիտիմ իշխանություն ունեցողը, ինչն առհասարակ ՀՀ արտաքին դիվանագիտական հարթակում հսկայական ուժ է, իսկ երկրորդի դեպքում, քանի որ ազատ տնտեսական գոտու ստեղծման հիմնական բանակցող կողմը Հայաստանն էր, այսինքն՝ մենք ունեցանք ԵԱՏՄ-երրորդ երկիր հարաբերությունների կամրջի հաջողված նախադեպը:
Արտաքին հարթակում հաջողությունը գրանցված է, մնում է այն քաղաքացիական-փորձագիտական շրջանակներում ամրացնել նաև ներսում։