Հայաստանի քաղաքական դաշտ` ինչքան խայտաբղետ գույներ, սակայն բովանդակությամբ համարյա նույնը: Նայում եմ և զարմանում, մեր երկրում գործում են, եթե կարելի է դա այդպես անվանել, 80-ից ավելի կուսակցություններ, որոնցից շատերի քաղաքական հետքին երբ նայում ես, հասկանում ես, որ նրանք ուղղակի ստեղծվել են ստեղծվելու համար, քանզի նրանք հիմնականում ասելիք չունեն: Գրեթե բոլորի ծրագրերը նույնն են, ոչ մի արտառոց տարբերություն, և երբ կարդում ես նրանց ծրագրերը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բոլորի համար ինչ-որ նույն «օպերատորն» է քոփի-փաստ արել իրենց ծրագրային դրույթները` նայեք նրանցից շատերի նպատակների ստեղծմանը և ցույց տվեք գոնե մեկ շոշափելի տարբերություն: Իզուր մի փորձեք, ոչինչ չի ստացվի, նույն շաբլոն արտահայտությունները, նույն մտքերը՝ տեղերով փոխված կամ չփոխված: Նրանք տարբերվում են միայն իրենց կուսակցության անվանումներով, այ այդ հարթության մեջ նրանց մեղադրելը «մեղք» է, քանզի իրենց ամբողջ ասելիքը սկսվում և ավարտվում է հենց վերնագրով: Հերիք է մեկը նույնիսկ փորձ կատարի ինչ-որ նոր բան ասելու` միանգամից իր վրա թափվում է մնացածների զայրույթը` տեսեք, տեսեք, ինչ անլուրջ գաղափարներ էր առաջարկում ՄՄ.. կուսակցության, ղեկավար: Այո´, զայրույթ, քանզի բոլորին միայն մի բան է հետաքրքրում՝ խաղալ նույն կանոններով, չփոխել խաղի տեմպը, չառանձնանալ:
Հարգելի ընթերցող, եկել է մի պահ, որ մենք պետք է միասին հնչեցնենք, որ մեզ այլևս այսքան անիմաստ քաղաքական ուժեր պետք չեն, լոկ անուններով այլևս նրանք մեզ չեն կարող զարմացնել, մեզ անհրաժեշտ են լուրջ, նոր, թարմ գաղափարներ, որոնց հիմքում ընկած է ազգանպաստությունը, և ոչ մի շեղում այդ ճանապարհից ընդունելի չէ: Հերիք է, հոգնել ենք արդեն անիմաստ կուսակցական բարբաջանքներից, ժամանակն է վճռորոշ քայլերի:
Հ.Գ. Եվ թող կուսակցության ղեկավարները հասկանան՝ չպետք է վախենալ նորամուծություններից, չպետք է վախենալ նոր, համարձակ արտահայտություններից, չպետք է փորձել պահպանել ընդհանուր ֆորմատը, դրա փոխարեն պետք է, ուղղակի անհրաժեշտ է ժողովրդին ներկայացնել նոր, համարձակ որոշումներ, որոնք անպատճառ կտարբերվեն մյուսներից... Եվ մի կասկածեք` հասարակությունը դա կգնահատի, և այդ ժամանակ ոչ մի գումար ընտրությունների ժամանակ դեր չի կարող խաղալ, հավատացեք...
Աղբյուրը` replik.am



