Պաղեստինյան հիմնախնդրի պատճառով թուրք-իսրայելական հերթական դիվանագիտական, հռետորաբանական գզվռտոցը, կարծես, դեժավյուի տպավորություն է ստեղծում՝ գրեթե նույն՝ իրար կրկնող գործիքակազմով՝ սուր հռետորաբանություն՝ մարդկության դեմ ուղղված հանցագործության մեղադրանքներ պարունակող տեքստերով, փոխադարձ սպառնալիքներով, բայց նաև խորքային հարաբերությունները չվտանգելու ակնհայտ իրողությամբ:
Իսրայել պետությանը «ցեղասպանություն» իրականացնելու մեջ մեղադրող Թուրքիայի ղեկավարությանը պատասխանելու Թել Ավիվի գործիքակազմն էլ, ըստ էության, չի փոխվել, փոխադարձ մեղադրանքներ, Կնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական գործընթացի նախաձեռնում և այլն...
Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության գործընթացին, ապա դրա տրամաբանությունն ուղղակիորեն պայմանավորված է թուրք-իսրայելական սրացման հերթական շրջափուլի ընթացքով՝ առկա իրավիճակում ընդամենը քարոզչական, նաև միջազգային մամուլում մի ամբողջ ժողովրդի ազգային ողբերգությունը՝ քաղաքական շահարկման գործիք դարձնելու զազրելի հանգամանքի արձանագրմամբ:



