Մայիսի 14-ին Սոչիի Radisson Blu Paradise հյուրանոցում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը բոլոր առումներով ճանաչողական էր և որևէ սենսացիա չէր ենթադրում: Մինչ այդ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ և առաջինը շնորհավորել նրան: ՌԴ նախագահը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր «փողոցից» իշխանության եկած Փաշինյանին, լսում` ինչ է ասում ու ինչպես է ասում: Ընդհանուր առմամբ, կողմերը խոսում էին այն, ինչ շատերն ուզում էին լսել: Պուտինը հույս ունի, որ «հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթացիկ, ինչպես եղել է մինչև հիմա, այդ թվում` միջազգային համագործակցության առումով և մասնավորապես ՄԱԿ-ում, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ աջակցել են միմյանց, նաև տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում»:
Նա հաստատեց, որ Մոսկվան «դիտարկում է Հայաստանը իբրև մերձավոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում»: Եվ հիշեցրեց, որ Մոսկվան մնում է Երևանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը: Փաշինյանն ի պատասխան նույնքան ուղղագիծ չգործեց: Նախևառաջ նա նշեց, որ Ռուսաստանի հետ երկխոսության կառուցման հարցում «կա կոնսենսուս, և ոչ ոք երբեք կասկածի տակ չի առել ու չի առնի հարաբերությունների ռազմավարական կարևորությունը», բայց ճշտեց, որ քննարկելիք կա: ՀՀ վարչապետի խոսքով` նոր կառավարությունը Երևանում «եռանդ ունի ազդակ հաղորդել ՌԴ հետ առևտրական ու տնտեսական հարաբերություններին», նաև` ռազմատեխնիկական ու զբոսաշրջային: Նա շնորհակալություն հայտնեց Պուտինին հավասարակշռված դիրքորոշման համար, որ Մոսկվան դրսևորեց «մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում»: Փաշինյանի խոսքով` «դա շատ կառուցողական դիրքորոշում էր», որ «բարձր է գնահատվում հայ հասարակության կողմից»:
Փաստացի, Փաշինյանը դեռ ինքնատիպ «քաղաքական անհայտ է», որովհետև ոչ ոք դեռ չգիտի` ում հետ գործ ունի` հեղափոխականի՞, թե՞ համակարգային մակարդակի քաղաքական գործչի: Եվ ի՞նչ կարելի է նրանից սպասել․ այդ հարցն իրենց տալիս են ոչ միայն Մոսկվայում, այլև Բաքվում, որ առաջինն է զգում իրավիճակի փոփոխությունը տարածաշրջանում:
Պատահական չէ, որ Բաքվի ԶԼՄ-ներում տարածվել են վերլուծական նոթեր, որ նյութի շարադրման ոճով ու մակարդակով «ռուսական հետքն» են վկայում: Փաստի ենթատեքստում, որ առաջին արտասահմանյան այցը Փաշինյանը կատարեց Ռուսաստան, հիշվում է, որ այդպես են գործել և Ուկրաինայում իշխանության եկած Վիկտոր Յուշչենկոն ու Վրաստանում իշխանության եկած Միխայիլ Սահակաշվիլին և խոսել են Մոսկվայի հետ «հատուկ հարաբերություններ» պահելու անհրաժեշտության մասին: Բայց հետո նրանք շրջվեցին դեպի Արևմուտք: Կանի՞ այդ կուլբիտը Փաշինյանը: Բարդ է ասել: Ամեն ինչ կախված է նրանից` ինչպես կկառուցի ներքին ու արտաքին քաղաքականությունը նոր կառավարությունը, որտեղ չկան դեռ խորհրդարանական մեծամասնությունը պահպանած ՀՀԿ-ի ներկայացուցիչներ:
Ձեռնպահ մնանք կանխատեսումներից: Սոչիում Պուտինի ու Փաշինյանի բանակցությունները շարունակվեցին փակ դռների հետևում: Բովանդակությունը հայտնի չէ, թեպետ, հաշվի առնելով ԵԱՏՄ պետությունների ղեկավարների խիտ օրակարգը, կարելի է ասել, որ կարող էր լինել միայն տեսակետների մակերեսային փոխանակում տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական անվտանգության խնդիրների շուրջ, հատկապես Անդրկովկասի հարևան Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով: Ճիշտ է, Փաշինյանն արդեն հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու ցանկության մասին «առանց նախապայմանների»: Կան օբյեկտիվ գործոններ, մասնավորապես ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը, որ նրան թույլ չի տալիս կտրուկ ու անսպասելի արտաքին քաղաքական մանևրներ անել: Առայժմ Երևանում գերակայությունը տրվում է ոչ թե արտաքին քաղաքականութանը, այլ՝ երկրի ներքին փոփոխություններին:
Անշուշտ, ճիշտ և կոռեկտ չէ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղության պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Նույնքան կարևոր է, թե իրեն ինչպես կդրսևորի ՌԴ նորանշանակ կառավարությունը և ի՞նչ լուծումներ կտա միջպետական օրակարգի հարցերին։ Մինչև այսօր ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ սերմանել են միայն ռուսներն իրենց անվայել ու ցինիկ դատողություններով: