Ն․ Փաշինյան-Հ Ռուհանի հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերության առավել խորացումը, ինչպես նաև ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը։
Այս համատեքստում կարևոր է այն հանգամանքը, որ երկու օրից Իրանը ԵԱՏՄ հետ ստորագրելու է համագործակցության համաձայնագիր, իսկ, ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ում Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու և համագործակցությունն իրականացնելու համար առաջնայնությունը տրված է Հայաստանին։ ԻԻՀ նախագահը, անդրադառնալով այս հարցին, Հայաստանն համարել է ԵԱՏՄ-ի համար մուտքի դուռ։ Այսինքն՝ այդքան խոսվող ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցությունը վերջապես մտնում է գործնական փուլ, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է՝ հաշվի առնելով նաև վերջերս Մեղրիում կառուցված ազատ առևտրի գոտին իր հնարավորություններով։
Այս ամենից զատ՝ ուշագրավ է նաև ԻԻՀ-ԵՄ հարաբերությունները։ Ինչպես ցույց են տալիս թվերը, Իրանի առևտրատնտեսական հարաբերություններն այս կառույցի հետ վերջին տարում կտրուկ աճ են գրանցել։ Վերջերս ԵՄ համար Իրանի կարևորության խնդրին է անդրադարձել նաև Բուլղարիայի տնտեսական հարցերով նախարարը՝ շեշտելով, որ Իրանը ԵՄ-ի համար համարվում է ռազմավարական գործընկեր։
Այս հայտարարությունների ֆոնին, եթե հաշվի առնենք անցած տարեվերջին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը և դրա ընձեռած հնարավորությունները, ապա Հայաստանն այս պարագայում պարզապես պարտավոր է օգտագործել իր ողջ ներուժն իրանական կողմին ներկայացնելու և բացատրելու այս համաձայնագրի առավելություններն ու էությունը։