«Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի և ներսի կառույցներում: Արևելյան և Արևմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:


Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետևողականորեն գցում: «Ձևավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:
Դաշնակցությունը, լքելով հեռացող իշխանության նավը, դուրս եկավ կոալիցիայից և անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:

Ըստ դաշնակցականների, կուսակցությունը լրիվ կորցրել է իր քաղաքական դեմքը և փորձում է լինել օրվա իշխանության կցորդը:
Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Արդեն լուրջ ներկուսակցական բախում է եղել. Հրանտ Մարգարյանին և հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:


Հավելենք, որ Պողիկյանը «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիրն է, եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, «Ասպարեզում» հաճախ է հանդես եկել ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը քննադատող հոդվածներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել