Օրերս Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին: Նման վճռական ու անդառնալի քայլ Թրամփից չէին սպասում նույնիսկ Երուսաղեմում դեռ մեկ շաբաթ առաջ:
Ենթադրվում էր, որ նա կոշտ կքննադատի համաձանագիրը և կհրաժարվի երկարաձգել հակաիրանյան պատժամիջոցների դադարեցման հրահանգը: Այդ քայլը կարող էր հանգեցնել համաձայնագրի աստիճանական դադարեցմանը, բայց եվրոպացիներին հնարավորություն կտար պայմանավորվել Իրանի հետ լրացուցիչ սահմանափակումների մասին իրենց «խաչակրաց արշավանքում»: Փոխարենը Թրամփն ընտրեց առավելագույն կոշտ գործողություններն իր հնարավորությունների զինանոցից: Նրա փաստարկները հիշեցնում էին նախընտրական խոստումները և համահունչ էին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ու ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարություններին: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնագիրը ոչ միայն չի սանձել այաթոլաների հեգեմոնիայի ձգտումը Պարսից ծոցում, հետո՝ նաև Մերձավոր Արևելքում, այլև նպաստել է նրանց ագրեսիայի ընդլայնմանը: Թրամփը նշեց Իրանի մեծ աջակցությունը «Հեզբոլահին», «Համմասին» և ահաբեկչական այլ կազմակերպությունների, լայնամասշտաբ ռազմական ագրեսիան սեփական սահմաններից դուրս, նաև բալիստիկ հրթիռների արձակման սեփական փորձերը` հետագայում միջուկային մարտագլխիկներով օգտագործելու համար: Թրամփի ելույթում հիշատակվեցին և Իրանում Մոսադի ձեռքբերած փաստաթղթերը, որ հաստատում են Իրանում միջուկային ծրագրի գոյությունը ոչ միայն մինչև 2003-ը, այլև մեր օրերում:
Իրանի հետ կնքված համաձայնագիրը միայն նպաստում է Իրանի երկարաժամկետ հավակնությունների առաջմղմանը, որ անխուսափելիորեն հանգեցնելու են Մերձավոր Արևելքում միջուկային մրցավազքին: Նախագահ Թրամփը համոզված է, որ իրավիճակը հենց այդպիսին է: Վերջին մի քանի շաբաթներին ԱՄՆ-ի եվրոպական հիմնական գործընկերները փորձում էին համոզել Դոնալդ Թրամփին Իրանի հետ համաձայնագրի շարունակման նպատակահարմարությունը, սակայն Վաշինգտոնում բոլոր բանակցություններից հետո ստեղծվեց տպավորություն, որ ավելի շուտ ԱՄՆ նախագահին է հաջողվել գործընկերներին համոզել Իրանին կասեցնելու անհրաժեշտության մեջ, քան հակառակը: Նրանք այդքան հեռու չգնացին, որքան Թրամփը, բայց հասկացրին, որ կգնան նրա հետ, առավել ևս, որ դիմադրությունն արդյունավետ չէ․ նոր պատժամիջոցները կփակեն ԱՄՆ շուկան եվրոպական ընկերությունների համար, որ կշարունակեն գործակցել Իրանի հետ: Վստահաբար, եվրոպական գործարարներն ու առևտրականները չեն ցանկանա ԱՄՆ-ում հայտնվել պերսոնա նոն գրատայի կարգավիճակում: Այդ պատճառով պատժամիջոցները կաշխատեն՝ չնայած ԵՄ ազդեցիկ շատ անձանց ներքին դժգոհությանը:
Թրամփի որոշումը ևս մեկ անգամ վկայեց նրա հաստատակամությունը` չնայած վաշինգտոնյան իստեբլիշմենտի դիմակայությանը: Դա միայն սովորական ցանկություն չէ՝ ցույց տալ, որ նախընտրական արշավում իր «ջենտլմենի խոսքը» ծանրակշիռ ու ազդեցիկ է՝ ի տարբերություն ուրիշների, թեպետ այդ դրդապատճառները նրան խորթ չեն: Գլխավորը համոզմունքներով գործելու ունակությունն է: Մենք դա տեսել ենք խնդրահարույց մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու համառության մեջ, տեսել ենք անօրինական միգրացիան կանխելու նրա հետևողական քայլերի մեջ, նաև` ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու:
Երբ Թրամփը հայտարարեց Իսրայելի մայրաքաղաքում դեսպանատուն բացելու մտադրության մասին, ռուսական «հեռուստաքաղաքագետների» լեգիոնը և նույնիսկ Արևմուտքում հարգված շատ փորձագետներ կանխատեսեցին «Գոգի ու Մագոգի պատերազմ»: Եվ ինչու՞ է ամեն ինչ այսքան հանգիստ: Նրանց զառանցանքների մեջ կար պնդում, որ դա տարիների գործընթաց է: Երուսաղեում ԱՄՆ դեսպանատունը կբացվի հաջորդ շաբաթ: Այդ ենթատեքստում տեղին է հիշել Իսրայելի վարչապետի մեծ հաղթանակը: Երբ նա հրավիրվեց ԱՄՆ Կոնգրես՝ ելույթ ունենալու Իրանի հետ համաձայնագրի դեմ Բարաք Օբամայի կառավարման տարիներին, շատ խորհրդականներ պնդում էին, որ ԱՄՆ նախագահի հետ տետատետ բախումը վատ հետևանքներ կունենա: Նեթանյահուն գնաց առճակատման և ապահովեց ուժեղ ու ազդեցիկ ղեկավարի կարգավիճակ: Եթե վերացարկվենք ռուսական կենտրոնական հեռուստաալիքների «շոուների» աղմուկից, Իրանի հետ համաձայնագրի խզումը հիանալի նորություն է Ռուսաստանի համար: Իրավիճակի ռեալ գնահատականով` Իրանը Մոսկվայի համար եղել ու մնում է պարզապես տարածաշրջանային մրցակից: Եթե ուշադիր հետևենք աշխարհում բարձր հեղինակություն ունեցող քաղաքական վերլուծաբան, ԿՀՎ-ի սան Ջորջ Ֆրիդմանի գնահատականներին, մեծ հավանականություն կա, որ Իրանը կարող է դառնալ ԱՄՆ-ի գործընկերը Ռուսաստանի հետ ճգնաժամի սրման դեպքում:
Որոշ ռուս ռազմական վերլուծաբաններ ևս վերջերս ասում էին, որ միջուկային զենքով Իրանը Ռուսաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Ի տարբերություն Իրանից ավելի հեռու Իսրայելի` Ռուսաստանը գործնականում սահմանակցում է Իրանին դեռ չկարգավորված ջրային սահմաններով: Ավելին` իրավիճակը Սիրիայում այսօր այնպիսին է, որ Իրանի ներկայությունն այնտեղ Մոսկվայի համար ավելի շատ բեռ ու տհաճությունների աղբյուր է, քան կարևոր է նրա մասնակցությունը ռազմական գործողություններին սուննի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Իրանի ցամաքային զորքերի և այլ աշխարհազորայինների ներկայությունը կարևոր դեր խաղաց Ասադի վարչակարգի պահպանության համար: Սակայն հիմա նրանց ներկայության օգուտը համարյա զրոյի է հասել: Հավելեք Իրանի վիրավորական ու ուխտադրուժ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, երբ պատժամիջոցները հանելուց հետո նետվեց արևմտյան ընկերությունների գիրկը` թիկունք դարձնելով ռուս գործընկերներին: Այս ենթատեքստում Իրանի լիակատար խզումը Վաշինգտոնի հետ Թեհրանում վարչակարգի հնարավոր փոփոխությամբ և անխուսափելի թուլացմամբ լիովին բխում է Ռուսաստանի շահերից: