Եթե օլիգարխիան տարփողի իր հաղթանակի մասին, դա ավելի մոտ կլինի իրականությանը, թեև նրանք տոնում են այն, բայց անաղմուկ, բարեկամների և ընկերների նեղ շրջանակում․․․ Երեսուն տարի առաջ բառացիորեն կրկնվեց նույնը՝ նույն սցենարով, նույն մեթոդներով, նույն ոգևորությամբ, հաղթելու մասին նույն կոչերով․․․ <<ժողովրդի>> ճնշման ներքո կոմունիստները ստանալով իրենց հարստության պահպանման և անվտանգության երաշխիքներ, պետական իշխանությունը զիջեցին մի քանի բախտախնդիրների, որոնք ընդամենը մի քանի տարվա ընթացքում ավերեցին երկրի ամբողջ հսկա արդյունաբերությունը, դրամական ռեֆորմի միջոցով երկու հարյուր անգամ աղքատացրին ժողովրդին, կնքեցին կեղծ զինադադար՝ սերունդներին պարտադրելով ապրել հավերժական պատերազմի սպառնալիքի ներքո․․․ Վերջապես, եթե կան մարդիկ, որոնք հեշտությամբ խաբվում են, ապա միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն խաբել միամիտներին․․․ Սա հավասարապես վերաբերում է նաև ժողովուրդներին․․․ Շուտով կպարզվի, որ այն բոլոր ակնկալիքները, հույսերը, որոնք <<ժողովուրդը>> փայփայել էր՝ դուրս գալով փողոց, պարզապես անհնար է իրականացնել, թե ինչու, դա բոլորովին այլ հարց է․․․ Եթե երեսուն տարի առաջ իշխանության եկած ուժերը սերունդներին պարտադրեցին հավերժական պատերազմ, ապա այս շարժումը սերունդներին պարտադրում է հավերժական հեղափոխություն, որի հետևանքները կարող են աղետալի լինել պետականության համար․․․ Ըստ էության, դժվար չէ ուղղել ցանկացած սխալ, սակայն սխալն ուղղելու համար հարկավոր է նախ գիտակցել այն, բայց խնդիրն այն է, որ իշխանամոլությունը, դեմագոգիան և ցուցամոլությունը դարձել էն ապրելակերպ, իսկ նման պայմաններում խոսել կոռուպցիայի, հովանավորչության վերացման մասին, անիրական է․․․ <<Կան ժողովուրդներ, որոնք երբեք դաս չեն քաղում անցյալից, որովհետև ինչպես մարդիկ, այնպես էլ ժողովուրդները դրսևորվում են իրենց ներհատուկ հատկանիշներով, և եթե նրանք խաբվել են անցյալում, ուրեմն նրանք օժտված են այն հատկանիշներով, որոնք երբեք թույլ չեն տալու նրանց ճիշտ գնահատել իրադրությունը և գիտակցել ճշմարտությունը>>։ Իսկ երբ մարդիկ կամ ժողովուրդները չեն տիրապետում ճշմարտությանը, նրանց կողմից իրականացված ցանկացած քայլ դատապարտված է, քանզի բումերանգի նման հարվածում է իրենց․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: