Վլադիմիր Պուտինը քննարկում է Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, քանի որ պատժամիջոցներն ու խորացող միջազգային կոնֆլիկտը խանգարում են լճացման մեջ հայտնված տնտեսության աճին: Տեղեկացված աղբյուրների համաձայն` պաշտոնակալության արարողությունից առաջ, որ հաջորդ շաբաթ է, Պուտինը կարող է ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինին կարևոր պաշտոն տալ․ նա լինելու է ՌԴ տնտեսական ռազմավարության, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների պատասխանատուն: Կուդրինը Պուտինը վաղեմի քաղաքական զինակիցն ու տնտեսական խորհրդատուն է։ Նրա նշանակումն արևմտյան մայրաքաղաքներում ազդանշան կլինի, որ իրենց հետ բոլոր ճակատներում կոնֆլիկտի մեջ գտնվող ՌԴ նախագահը պատրաստ է փոխզիջման:
Կուդրինն է կազմել եկող տարվա տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը` կոչ անելով վճռական կառուցվածքային բարեփոխումներ անել` կենսաթոշակային տարիքի մեծացումից մինչև ռուսական կառավարության ու դատական համակարգի վերակազմակերպում: Նա բազմիցս ասել է, որ քանի դեռ Ռուսաստանն իր քաղաքական համակարգն առավել ժողովրդավարական չի դարձրել և վերջ չի տվել Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ առճակատմանը, չի կարող արմատական փոփոխությունների հասնել: Եթե Կուդրինը լինի աշխատատազմի կամ կառավարության մեջ, ուրեմն՝ նրանք համաձայնել են փոփոխությունների որոշակի ծրագրի` ներառյալ արտաքին քաղաքականը, որովհետև առանց արտաքին քաղաքականության փոփոխությունների բարեփոխումները Ռուսաստանում բարդ կլինեն, որովհետև Կուդրինը վերին էշելոնի միակ ներկայացուցիչն է, ում հետ կխոսեն Արևմուտքում և ում որոշակիորեն վստահում են:
Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում մարտին խլացուցիչ հաղթանակ տարավ` ստանալով 76,7% ձայն: Նա խոստացավ նշանակալից ավելացումներ առողջապահության, կրթության ու ինֆրակառույցների ծախսերին: Հասարակությունը հրճվանքով ընդունեց այդ խոստումները, որովհետև ռեցեսիայի երկու տարիներից հետո ռուսական տնտեսությունը չափազանց դանդաղ է վերականգնվում: Բայց վերլուծաբանները նախազգուշացնում են, որ Պուտինը ստիպված կլինի մեծ ջանքեր գործադրել խոստումները կատարելու համար:
Քաղաքական նոր ցիկլը ծավալվելու է երեք անբարենպաստ գործոնների ազդեցության տակ` տնտեսության շարունակվող լճացումը, ՌԴ միջազգային մեկուսացումը և 2024-ից հետո իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Փաստացի, Պուտինի աշխատակազմը դժվարին կացության մեջ է․ սկսած մարտյան ընտրություններից` ստիպված է դիմակայել Արևմուտքի մեղադրանքներին նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցության մեջ` խաղաղ քաղաքացիների դեմ ենթադրյալ քիմիական հարձակումից հետո: ԱՄՆ-ի ղեկավարած արևմտյան կոալիցիայի զինվորականները Վլադիմիր Պուտինին ծայրահեղ անհարմար դրության մեջ են դրել` հրթիռակոծելով սիրիական օբյեկտները` չնայած պատասխան քայլերի մասին Ռուսաստանի բոլոր զգուշացումներին: Մինչդեռ ԱՄՆ-ի նոր կոշտ պատժամիջոցները ռուսական ֆինանսական շուկաներում խառնաշփոթ առաջացրին՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր աշխատատեղեր և ստիպեցին Օլեգ Դերիպասկային` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, զիջել «Ռուսալ» ալյումինի ընկերության վերահսկпղությունը: Եթե չհաշվենք ՌԴ ԱԳՆ-ի ու պատգամավորների զայրացկոտ հռետորաբանությունը, Մոսկվայի արձագանքը զուսպ էր: Պուտինի մերձավոր պաշտոնյաները գտնում են, որ նա Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություններ է որոնում, որ նվազեցնի ճնշումը:
Վլադիմիր Պուտինը պետք է նոր կառավարությունը նշանակի պաշտոնակալությունից հետո, որ նշանակված է մայիսի 7-ին: Սպասվում է, որ վարչապետ կմնա Դմիտրի Մեդվեդևը, որ 2012-ից է այդ պաշտոնին, սակայն նրա ազդեցությունը տնտեսական քաղաքականության վրա սահմանափակված կլինի, որ Կուդրինն ունենա ավելի մեծ լիազորություններ: Հնարավոր է, որ Կուդրինը նաև փոխվարչապետ նշանակվի․ բանակցությունները շարունակվում են: Եթե Կուդրինը հայտնվի կառավարությունում կամ նախագահի աշխատակազմում, կարող ենք եզրակացնել, որ նրանք համաձայնել են փոփոխությունների որոշակի ծրագրի` ներառյալ արտաքին քաղաքականության փոփոխությունները: