Իսկ հիմա՝ առանց սարկազմի...
Հայաստանում պետք է իրոք փակել թշնամանքի էջը։
Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում պատմական հնարավորություն է ստեղծել ունենալ ազգային համերաշխության իրավիճակ: ՀՀԿ-Փաշինյան հանդիպումն Ազգային ժողովում կարելի է համարել այդպիսի ադեկվատության սկիզբը:
Այս ռիթմը պահելու համար Հայաստանին արտահերթ ընտրություններ պետք չեն: Արտահերթ ընտրությունները միայն խորացնելու են հասարակության երկփեղկվածությունը՝ կայունության եւ հեղափոխական փոփոխությունների կողմնակիցների միջեւ: Որոշ ուժեր շարունակելու են, Նիկոլ Փաշինյանի կամքից անկախ, հրապարակել տարբեր «գնդակահարության ցուցակներ», ինչը կդրդի կայունության կողմնակիցներին սկսել հակահեղափոխական նոր ալիք: Այսօրվա ջլատված պետական համակարգի իրականության մեջ դա կարող է լինել նաեւ պետության վախճանն արտաքին ագրեսիայի դեպքում:
Բարիկադների տարբեր կողմերում հայտնված առաջնորդները պետք է պատասխանատվություն ցուցաբերեն ու հանգեն ընդհանուր հանրագումարի (շատ հավանական է, որ այդ կոնսենսուսը գտնվել է արդեն եւ կհայտարարվի վաղը՝ ԱԺ նիստին):
Արտահերթ ընտրություններից ամեն գնով պետք է խուսափել՝ հանուն Հայաստանի ապագայի: Սահմանադրության եւ տրամաբանության (ինչը բոլորին մաղթել էր Սերժ Սարգսյանն իր հրաժարականի հայտարարության մեջ) տարրական գիտելիքները հուշում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի կատարի իր խոստումը եւ գնա արտահերթ ընտրությունների, դրանք կարող են անցկացվել ամենաշուտը 77 օր անց, ինչը նշանակում է, որ երկիրը կընկղմվի երկուսուկես ամիս տեւող տուրբուլենտության դաշտ: Ավելին՝ այդ ընտրությունների անցկացումից հետո էլ, անկախ արդյունքից, դեռ պետք կլինի ձեւավորել նոր կառավարություն ու հաստատել նոր ծրագիր:
ՀՀԿ պատգամավորների շրջանում դեռեւս մնում են մականունավոր ու կասկածելի անցյալ ու ավելի մշուշոտ ապագա ունեցող անձինք, բայց համաժողովրդական ալիքը, որը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին, այլեւս զգոն է պահելու բոլորին: Անչափ կարեւոր է, որ այս «պոզիտիվ էներգետիկան» պահպանվի, որ ստեղծվել է շարժման միջոցով:
Գրեթե բոլոր ներքին ու արտաքին հարցերում իշխանությունների հետ համակարծիք Նիկոլ Փաշինյանն այժմ պատմական շանս ունի դառնալու իրական, այլ ոչ միայն դեկլարատիվ փոփոխությունների առաջնորդ՝ իր վրա վերցնելով այդ փոփոխություններն իրականացնելու անմիջական պատասխանատվություն:
Անկախ մայիսի 1-ի ընտրության արդյունքից՝ Նիկոլ Փաշինյանն այլեւս մարդ-ինստիտուտ է՝ լինի վարչապետ, փոխվարչապետ, թե պատգամավոր: Նրա խոսքը լսում են թե՛ արտաքին ուժերը, թե՛, ամենակարեւորը, ժողովուրդը:
Եթե Փաշինյանն անկեղծ է «թշնամանքի էջը» փակելու հարցում, նա պետք է հաշվի առնի այս իրողություններն ու գնա հանրապետականի հետ ռեալ պայմանավորվածության, այլ ոչ ուլտիմատումի լեզվով մենախոսության: Այսօրվա հանդիպումը այդպիսի երկխոսության համար անսահման հնարավորություններ բացեց: Ուղիղ եթերով դա տեսան նաեւ իր կողմնակիցները:
Նիկոլ Փաշինյանին մնաց մեկ քայլ...