Մեր իրականության մեջ գործող քաղաքական ցանկացած գործիչ, որն ազնվորեն ցանկանում է ստեղծել կայուն և օրինական պետություն, դատապարտված է պայքարելու ոչ միայն իր բացահայտ հակառակորդների դեմ, որոնք ակնառու լինելով հանդերձ այդքան վտանգավոր չեն, որքան իր շրջապատի, իշխանության հոտն առած և առաջնորդի շուրջը ժամանակավորապես լուռ հնազանդությամբ համախմբված գայլերի ու բորենիների դեմ։ Յուրայինների ոհմակն էլ ավելի վտանգավոր է, և այն, ըստ էության, ղեկավարի իսկական ընդդիմությունն է։ Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ հենց յուրայինների բանակն է իշխանության համար ապստամբել թագավորի, նախագահի կամ առաջնորդի դեմ`չհանդուրժելով նրա ազնվամտությունը և անհանդուրժողականությունն անօրինականությունների դեմ։ Այդ խնդրի առջև անզոր էին Կեսարը, Նապոլեոնը, թեև վերջինս որոշ ժամանակ կարողացավ օգտվել գայլերի ծառայություններից, և բազմաթիվ թագավորներ ու առաջնորդներ։ Այդ խնդիրն առավել սրությամբ մեր ազգային յուրահատկությունների պատճառով միշտ ծառացել է մեր թագավորների, զինվորական գործիչների, իսկ արդի ժամանակներում՝ կուսակցական գործիչների և նախագահների առջև։ Այն առավել վառ դրսևորվեց վերջին իրադարձությունների ժամանակ, երբ, իշխանության հոտն առնելով, մարդիկ, իրարից առաջ ընկնելով, ձգտում էին հարթակին, որը նրանց համար մարմնավորում էր իշխանությունը։ Եվ քանի որ գայլերն ամեն ինչ անում են անհատականության, վեհության ոչնչացման համար, որպեսզի ոչ ոք չխանգարի նրանց քաղցը հագեցնելու անհագ գործընթացը, դա ինքնըստինքյան հանգեցնում է լրտեսական ամեն տեղ հասնող խոշոր ցանցի և որոշ առումով դիկտատուրայի ստեղծման անհրաժեշտությանը՝ միաժամանակ հնարավորություն տալով գայլերին ոտքից գլուխ խրվել անօրինական գործարքների մեջ՝ այդպիսով դառնալով խոցելի արդարադատության սահմաններում:
Չափազանց ծանր խաչ է թագավոր կամ նախագահ լինել մի երկրում, որտեղ իշխանամոլությունը դարձել է ապրելակերպ, ինքնահաստատման և հաջողության միակ միջոցը ցանկացած բնագավառում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ միջակություններն են մրցանակներ ստանում բոլոր ասպարեզներում, միջակություններն են պաշտոններ ստանում և տնօրինում պետության և ժողովրդի ճակատագիրը։ Եվ ոչ միայն կառավարությունը, այլև ընդդիմությունն է դատապարտված կրելու այդ խաչը:
Սակայն եթե պետությունը հեռատես ու գործիմաց ղեկավարի առկայության դեպքում որոշակի լծակներ ունի վերահսկելու իր յուրայինների գործունեությունը և անհրաժեշտության դեպքում «հեռացնելու» նրանց, ապա ընդդիմությունը զուրկ է այդ հնարավորություններից, իսկ դա նշանակում է, որ ընդդիմությունը միշտ շրջապատված է գայլերով, որոնք, բավական խորամանկ լինելով, ի վիճակի են քողարկելու իրենց իրական ձգտումները հայրենասիրական կրքոտ կոչերով ու ելույթներով: Ահա հենց այս մասին պարտավոր է իմանալ ընդդիմության ղեկավարը, որը, չգիտակցելով այս խնդրի առկայությունը, փորձում է համոզել, թե ինքն ընդդիմություն է՝ չկռահելով, որ իր կուսակցության ղեկավար մարմնի մի մասն ուղղորդվում է լավագույն դեպքում՝ իշխանությունների, իսկ վատագույն դեպքում՝ արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից: Ուրեմն՝ որքան կարևորվում է անհատի` ղեկավարի կամքը, որն ի վիճակի է լսելու բոլորին և միաժամանակ շրջանցելով բոլորի արտահայտած «անիրական» կարծիքները՝ գործել ըստ այն սկզբունքի, որը բխում է ազգի կամ պետության շահերից։ Ավելի անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, երբ խոսում ենք այս կամ այն գործչի մասին։ Եվ երբ որևէ մեկի կողմից թեկուզև սուր քննադատություն է հնչում որևէ քաղաքական կամ կուսակցական գործչի հասցեին (առանց վիրավորանքների, իհարկե), ցանկալի չէ սրտնեղել ու փորձել հակադրվել, պաշտպանել և այդպիսով` լռեցնել հանդուգն, իսկ որոշ իմաստով՝ նաև խիզախ ընդդիմախոսին։ Պարզապես փորձեք լինել անաչառ։ Եվ դուք էլ հանկարծ կգիտակցեք, որ շատ կարծիքներ, որոնց դուք փորձում էիք հակադրվել, իրականում ճշմարտություն են, քանզի ցանկացած խոսք իր մեջ ճշմարտության որոշակի մասնիկ է պարունակում: