«Վենդետա չի լինելու» խոսքը, բնականաբար, ուղղված էր պատգամավորներին, ու, եթե ընտրեք ինձ, հանգիստ կվայելեք ձեր «կերածը»․․․ Այս քսանյոթ տարիների ընթացքում երկրի բյուջեից օտարվել է տասնհինգից քսան միլիարդ դոլար, ստացվել են յոթ միլիարդից ավել վարկեր, որոնք յուրացվել են՝ երկիրը կանգնեցնելով լուրջ խնդրի առաջ։ Քսանյոթ տարի առաջ կոմունիստները «ծախեցին» երկիրն իրենց հանգիստ ու անվտանգ ապագայի խոստումով, ընդ որում՝ երկիրը «գնողները» մեծամոլաբար խոսում էին ազգի բախտն ու ճակատագիրը պատասխանատվությամբ իրենց վրա վերցնելու մասին։ Ոչ մի խոսք երկրի տնտեսության, պետության առաջ ծառացած հարյուրավոր խնդիրների մասին․․․ Խնդիրն այն է, որ շատ պատգամավորներ գուցեև չքվեարկեին բախտախնդիրների օգտին, բայց միտինգավորված կանանց և ջահելության բազմության ճնշման տակ, վախենալով դավաճանի պիտակավորումից, շատերը դավաճանեցին իրենց սկզբունքներին և երկիրը հանձնեցին մարդկանց, որոնք ընդամենը մի քանի տարվա ընթացքում փոշիացրին ամբողջ արդյունաբերությունը զուտ այն պատճառով, որ նրանք չէին վախենում հասարակությունից, որը նրանց կույրի նման տվել էր իր բախտը տնօրինելու հնարավորությունը․․․ Այսօր հարյուրավոր ջահելներ, որոնք մի քանի ժամ անցկացրել են ոստիկանությունում, նարցիսաբար իրենց արդեն համարում են քաղբանտարկյալ և, բնականաբար, ակնկալում են, որ լուրջ պաշտոններ կստանան առաջնորդից, որի շուրջը պտտվում են ոչ թե այն պատճառով, որ ուզում են մեր երկիրը տեսնել հզոր․․․ Չափազանց ծանր է առաջնորդի խաչը, եթե նա իսկապես ցանկանում է ոտքի կանգնեցնել երկիրը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: