Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից:

Դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարն իրեն փոխանցել է, որ ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ին ընտրությանը:

«Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել ենք կազմակերպել ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ, և Վահրամ Բաղդասարյանն ինձ փոխանցել է, որ իրենց խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել մայիսի 1-ին «ժողովրդի թեկնածուի» ընտրությանը վարչապետի պաշտոնում»,- ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ ևս վեց ՀՀԿ-ականի ձայն է պետք ընտրվելու համար, Փաշինյանը նշեց, որ եթե կա այդ նախատրամադրվածությունը՝ չխոչընդոտել քվեարկությանը, նրանք (ՀՀԿ-ն- խմբ.) կքննարկեն և կկայացնեն այնպիսի որոշում, որը խոչընդոտ չի լինի ընտրությանը:

Հարցին՝ «ժողովրդի թեկնածուն» Նիկոլ Փաշինյա՞նն է, Փաշինյանը դրական պատասխան տվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել