88-ի զարթոնքից հետո, երբ ստեղծվեց օլիգարխիկ-կոռումպացված համակարգ, 1996թ. սկսած պարբերաբար ՀՀ քաղաքացին ընդվզում է ստեղծված անարդարությունների, օրենքի գերակայության բացակայության և հաբրգածության նկատմամբ: Այդ ընդվզումները չէին հաջողվում, քանի որ կազմակերպվում էր նախկին իշխանությունների, չհիմնավորված քաղաքական ամբիցիաներ ունեցող, դեռևս հասունություն և փորձ չունեցող կամ ծայրահեղական անձանց և քաղաքական գործիչների կողմից: Իսկ պետական ապարատը կուռ էր, օլիգարխները գոհ էին և այդ ամենը ճնշվում էր միահամուռ, միասնական ուժերով:
ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանն ավելի հանդուրժող էր, հատկապես վերջին տարիներին ավելի ժողովրդավար, քաղաքացիական ակտիվությունն էր ձևավորվում, խոսքի ազատություն... Դանդաղ, սակայն արդեն սկսել էր պայքարը նաև կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման երևույթների դեմ: Հեռացվեցին, անտեսվեցին, պատասխանատվության ենթարկվեցին մի շարք վարկաբեկված, ժողովրդի կողմից չսիրված իշխանավորներ, հեղինակություններ և պաշտոնական դիրքը չարաշահողներ:
Պետական կուռ համակարգը ճեղքվածք տվեց, և քաղաքացիների դժգոհությանը և թշնամանքին՝ ուղղված Ս.Սարգսյանին որպես երկրի, ստեղծված համակարգի ղեկավարի, ավելացան նաև արդեն կաշառակերության, ամենաթողության, թալանի հնարավորությունից զրկված կամ վախի ու վտանգի պայմաններում գռփող չինովնիկներն ու օլիգարխները:
Իսկ ներիշխանական ընդվզումները, երկրի ղեկավար դառնալու ցանկություն ունեցողները, չինովնիկական դժգոհ ապարատն արդեն նպաստեց հեղափոխության համար պարարտ հող ստեղծելուն… Նրանք արդեն գիտեին և կռահում էին, որ Ս. Սարգսյանը դիրքերն ամրապնդելուց հետո, սկսելու է կադրային և տնտեսական լուրջ բարեփոխումներ կատարել…
Նիկոլն օգնեց, Նիկոլին ի հայտ բերեցին, նրան օգնեցին ներսից և դրսից, նա դարձավ կատալիզատոր Ս. Սարգսյանին հեռացնելու շարժման համար…
Ինչո՞ւ Նիկոլենք աստիճանաբար շատ մարդ սկսեցին հավաքել… Որովհետև նրան բացահայտ և ծածուկ սկսեցին օգնել, օժանդակել և հրահրել, փողոց հանել ժողովրդին նշված սեգմենտը, «չեզոք ընդդիմությունը», բանակից ու զինվորից սնվելու սովոր զինվորականները, մյուսները: Նրանք հույս ունեին, որ ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանի հրաժարականից հետո իրենք կկարողանան տիրապետել իրավիճակին և շարունակել գոյատևել, ղեկավարել…
Սակայն այդ թվում նաև նրանց օգնությամբ է ջինը բաց թողնվել շշից ու արդեն դարձել անկառավարելի։ Այս շարժումը, սակայն, մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէր։ Սա լուրջ, բարդ, մշակված բազմաքայլ կոմբինացիաների և հետևողական աշխատանքների արդյունք էր։ Ինչևէ, «Фантомас разбушевался»…
Հիմա Ս. Սարգսյանից դժգոհ ներիշխանական ուժերը և «չեզոք ընդդիմադիրները» կփորձեն համախմբվել, օգտվել ստեղծված իրավիճակից և համագործակցված հակազդել կամ ուղղորդել շարժումը։ Ամեն դեպքում անցնցում բարեփոխումների հնարավորությունը կորցրինք…