Այսօր մեր երկրում մի անհեթեթ վիճակ է ստեղծվել… Մենք ունենք քաղաքական դաշտ, տարանուն կուսակցություններ, քաղաքական գործիչներ, սակայն չունենք ոչ ներքին, ոչ էլ արտաքին ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ քաղաքականություն, քանզի բոլոր քաղաքական գործիչներն ընդամենը երկիր կառուցելու թեմայով ԼԵԶՎԱՇԱՐԺՈՒԹՅԱՄԲ են զբաղված: Ունենք բազմաբնույթ հասարակական կազմակերպություններ, որոնք փաստորեն ՛քաղաքացիական հասարակության (մարդ չի էլ հասկանում, թե այդ եվրոբառակապակցությունը, որն օրըստօրե թութակի պես կրկնում են բոլորը, ինչ է նշանակում) կազմավորման հիմքերն են հանդիսանալու, այդ կազմակերպություններում հաց վաստակող գործիչներ, ովքեր անվերջ ծռմռատվում ու խունջիկ-մունջիկվում են՝ մարդկանց տարաբնույթ իրավունքները պաշտպանելով, սակայն խորքում միայն իրենց կազմակերպությունների ու իրենց անձնական խնդիրներն են առաջնայնացնում: Ունենք գիտությունների ազգային ակադեմիա, ակադեմիկոսների ու գիտության դոկտորների մի ստվար բանակ, սակայն գիտության որևէ մարզում, ԱՆԳԱՄ աննշան, երկրին եկամուտ չէ՛, գոնե պատիվ ու փառք բերող ոչինչ չունենք, այսինքն՝ մեծ հաշվով գիտություն չունենք: Մտավորականի դիպլոմ ունեցող մարդկանց մի հսկայական զանգված ունենք, ովքեր «զբաղված» են երկրի կառավարման, օրենսդրական, մատաղ սերնդի կրթման և դաստիարակման, մարդկանց բժշկման, սոցիալական ապահովության և մի շարք այլ ոլորտներում, սակայն այդ խնդիրներով խորապես մտահոգ մարդիկ իրականում չունենք: Հանրային խորհուրդ ունենք, որտեղ հավաքված է ազգիս երևացող ողջ ինտելեկտուալ պոտենցյալը, ում առաջնային խնդիրը պիտի լինի մեզանում տիրող հոգևոր-բարոյական անկման պատճառների բացահայտումն ու այս վիճակից դուրս գալու ուղիների մատնանշումը, սակայն այս կառույցն ու իր մարդիկ էլ զբաղված են կարծես իրենց խնդիրներով միայն… Մեզանում այսպիսի վիճակ է տիրում ԱՄԵՆՈՒՐ… Այսինքն՝ մենք ունենք ամեն ինչ, սակայն չունենք ոչինչ: Դատարկ ու սնամեջ ենք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/340735976051845?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել