Ձեր ոգեւորությունը «շաքարով» կտրեմ: Էսքան օրերի մեջ շատ քչերը բարձրացրին «ում է անցնելու իշխանությունը» հարցը: Իսկ սա կարեւորագույն, եթե ոչ միակ կարեւոր հարցն է, որը պետք է հուզեր գոնե նրանց, ովքեր մենակ օրվա զգացումով ու գեղագիտությամբ չեն ապրում (Իմ ուղղությամբ ուղղակի կամ անուղղակի լոլիկներ շպրտողներ, կարող եք սկսել): Մի «պոքռ սպրավչկա»: Իշխանությունը միշտ հասնում է ուժեղին՝ անկախ նրանից, թե ով է արել իշխանափոխությունը: Կազմակերպված ուժեղին, նրան, ով կկարողանա առավելագույն կոնսենսուս առաջ բերել վերնախավերում, այսինքն, օրինակ, ընդունելի կլինի, մեր դեպքում, օլիգարխներին, բանակին եւ այլն, այսինքն իրական ազդեցություն ունեցողներին: Մեկ կարգախոսային, զուտ տեխնոլոգիական շարժումներին, որպեսզի մեզանում այժմ ծավալվողն է, բնորոշ է հենց էդ խնդիրը՝ հայտնի չէ, թե ում է փոխանցվելու իշխանությունը, մինչեւ չփոխանցվի, իհարկե, եթե «ժողովրդի թեկնածու» հնարավորինս ոչինչ չասող, որեւէ իրավական լուծում չունեցող ու հատուկ անորոշ արված ձեւակերպումը չհաշվենք որպես ինչ-որ իրական բան: Որ երկար գլուխներդ չտանեմ, կան մի քանի տարբերակներ, որոնք մեր աչքի առաջ են եղել:
Օրինակ՝ Եգիպտոսինը: Հեղափոխությունն անում են սիրուն ջահելները, բայց իշխանությունն անցնում է սկզբում իսլամսիտներին, հետո՝ բանակին, որովհետւ այլ կազմակերպված ուժ երկրում չկար: Լիբիական, սիրիական տարբերակները՝ պետության փլուզում եւ համընդհանուր պատերազմ, որովհետեւ մեկ գերիշխող ուժ չկա, եւ տեղը լցնում են դրսի ուժերը: Ուկրաինական տարբերակ, որը գիտեք: Վրացական տարբերակ ա լյա Սաակաշվիլի, որի համար ընդդիմադիր հեղափոխական ուժը պետք է լուրջ կազմակերպություն եւ թիմ ունենա: Եվ այլ տարբերակներ:
Կարեւորը հիշել՝
1. Իշխանությունն անցնելու է ուժեղին՝ անկախ նրանից, թե ով է իրացրել իշխանափոխությունը,
2. Եթե մեկ ուժեղ չկա, կամ ուժեղի հարցը պարզ չէ, ընթանալու է իշխանության պայքար տարբեր խմբերի միջեւ, այնքան ուժգին ու տեւական, որքան հավասար են կողմերը։
3. Ուժի դատարկություն լինել չի կարող: Ուժի պակասուրդը միշտ լցվելու է: Եթե հանում ես ուժեղ ֆիգուր կամ ֆիգուրներ, դրանց տեղը պետք է գա համարժեք ուժ: Ներսի, թե դրսի՝ կախված կլինի իրավիճակից:
Հիմա մեզանում որ տարբերակը կգործի՝ ես չեմ կարող մենակով հաշվել, դրա համար չունեմ բավարար տվյալներ: Բայց դուք էլ կարող եք հաշվել:
Ինձ համար կարեւոր է տեսնել, որ ընկերներս, բացի համատարած ոգեւորությունից, նաեւ փորձեն հաշվել: Ով չի հաշվելու, նա երբեք չի դառնալու լիարժեք սուբյեկտ ու քաղաքացի: Սուտ է, որ քաղաքացիական հասարակությունը կկայանա, որովհետեւ մարդիկ տեխնոլոգիապես կամ էսթետիկորեն հրապուրիչ պայքար են մղում: Պետք է սովորել հարցեր ձեւակերպել: