Թուրքիայի պատվիրակությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին առաջարկել է խորհրդարանական մակարդակով ընդլայնել համագործակցությունը՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։
Կիևում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլկան Բոզքըրն առաջարկել է համագործակցել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա կամ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով։
Գերագույն ռադայի նախագահն ասել է, որ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես՝ բալթյան-սևծովյան շրջանում, և Կիևին հետաքրքրում է ցանկացած նոր ձևաչափ։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի տնտեսական և քաղաքական համագործակցության զարգացմանը։
Այս ֆորմատն ունենալու է աշխարհաքաղաքական ու էներգետիկ-տնտեսական, ռազմական բաղադրիչներ։
Աշխարհաքաղաքական իմաստով` Ուկրաինան, Վրաստանն ու Ադրբեջանը ՎՈւԱՄ անդամ երկիր են, ունեն չկարգավորված հակամարտություններ` Ղարաբաղ, Ղրիմ, Դոնբաս, Աբխազիա, Հվ. Օսիա, այսինքն՝ միջազգային հարթակներում քվեարկելու են միմյանց օգտին` տարածքային ամբողջականությանը կողմ, և հանդես են գալու ՀՀ դիրքորոշման դեմ։
Բացի այդ՝ Թուրքիան չի ճանաչել Ղրիմի միացումը ՌԴ-ին։ Անկարան հանդես է եկել Ղրիմի թաթարների պաշտպանությամբ ու շարունակելու է իր պանթուրքիստական նկրտումները տարածել Ղրիմի ուղղությամբ։ Այստեղ հակառուսական հարթակը Թուրքիայի ու Ուկրաինայի համար միավորիչ է լինելու։
Ադրբեջան-Ուկրաինա հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։ Կասպից ծով-Սև ծով էներգետիկ-տրանսպորտային միջանցքի շրջանակներում Բաքուն նավթ է առաքում Ուկրաինային, բացի այդ՝ տարբեր զինատեսակներ է գնում Կիևից ու զինվում Ղարաբաղի դեմ։ Այսինքն՝ Կիև-Բաքու ռազմական համագործակցությունն ուղղված է լինելու Արցախի և ՀՀ-ի անվտանգության դեմ։ Բացի այդ՝ Թուրքիան զինում է նաև Ուկրաինային, համատեղ զորավարժություններ անցկացնում ու ունի տնտեսական շահեր ուկրաինական շուկայում։ Սև ծովում ՌԴ-ի դեմ գործելու համար Ուկրաինան պետք է հենվի սևծովյան հզոր որևէ երկրի վրա, իսկ այդ երկիրը Թուրքիան է։
Թուրքիա-Ադրբեջան ֆորմատն էլ վաղուց բոլորին հայտնի է․ ռազմա-քաղաքական, էներգետիկ-տնտեսական տանդեմն աշխատում է ՀՀ-ի դեմ։
Այսպիսով՝ Թուրքիա-Ուկրաինա-Ադրբեջան-Վրաստան ֆորմատն ունենալու է հստակ աշխարհաքաղաքական հիմք` հակառուսական, ՌԴ-ի ազդեցության թուլացում, իսկ Անկարա-Բաքու տանդեմի համար` նաև հակահայկական ռազմավարություն։
Անկարա-Կիև-Բաքու հարաբերությունների հիմքում հստակ է լինելու նաև տնտեսական շահը։ Ուկրաինան ցանկանում է նավթ և գազ ստանալ Ադրբեջանից ու կասպյան երկրներից, իսկ Բաքուն ՌԴ-ին զուգահեռ զենքի ու ռազմա-տեխնիական համագործակցության նոր գործընկեր կունենա։