ՌԴ իշխանությունները կտրուկ արձագանքեցին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի՝ Սիրիան հրթիռակոծելու որոշմանը: Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանեց ագրեսիա ինքնիշխան պետության դեմ և հայտարարեց, որ իր երկիրը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում: Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ հարձակումը որակվում է «ագրեսիայի գործողության ինքնինշխան պետության դեմ, որ ահաբեկչության դեմ պայքարի առաջին գծում է»` կատարված առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Պուտինը հերթական անգամ հայտարարեց, որ Ռուսաստանը չի հավատում, որ սիրիական Դումա քաղաքում քիմիական գրոհ է եղել, որ պատճառ դարձավ հրթիռակոծման: Նրա խոսքով` ռուսական փորձագետները դեպքի վայրում չեն գտել քլորի կամ այլ թունավոր նյութի կիրառման հետքեր: ՌԴ նախագահը նկատել է, որ Սիրիա են մեկնել միջազգային փորձագետներ, սակայն հարվածը հասցվեց, նախքան նրանք դեպքի վայր կհասնեին և հետաքննություն կանցկացնեին: Ռուսաստանը որոշեց ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ հրավիրել:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը սպառնաց, որ Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի գործողությпւններն անհետևանք չեն մնա: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հարվածներն ուղղված էին Բաշար Ասադի պաշտոնանկությանը, Սիրիայի մասնատմանն ու կարող են խաչ քաշել խաղաղ բանակցությունների գործընթացի վրա: Մարիա Զախարովայի շուրթերով ԱԳՆ-ն վրդովմունք հայտնեց, որ ռազմական գործողության պատրվակ դարձան արևմտյան լրատվամիջոցների տվյալներն ու սոցցանցերում հաղորդումները, որ նա անվանում է լիակատար սուտ: «Այդ հարվածները միջազգային իրավունքի կոպիտ ու նենգ խախտում են, որ ամբողջությամբ խաչ են դնում միջազգային իրավունքի ու ՔԶԱԿ-ի աշխատանքի վրա»,- հայտարարեց Զախարովան: Նա Դամասկոսի դեմ ռազմական գործողությունն անվանեց միջազգային իրավունքի կոպիտ ու հանդուգն խախտում:
Դամասկոսում գրոհի պահին ՌԴ Պետդումայի պատգամավորներ կային: Նրանցից մեկը` Սերգեյ Ժելեզնյակը, գտնում է, որ գրոհի նպատակներից մեկը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի կոալիցիան թուլացնելն էր: Թուրքիան կառավարական օբյեկտների հրթիռակոծումն անվանեց ենթադրյալ քիմիական գրոհին համարժեք պատասխան:
Պետդումայի նախագահ Վլաչեսլավ Վոլոդինը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աշխարհը ներքաշում է պատերազմի մեջ և նրան պետք է կանգնեցնել: Պատգամավոր Նիկոլայ Կովալյովը գիշերային ռմբակոծությունը հավասարեցրեց քիմիական հարձակման հետ: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը Թրամփի գործողությունները հանցավոր համարեց: «Նրան կարելի է Ադոլֆ Հիտլեր 2 անվանել, նա նույնիսկ հարձակման համար Հիտլերի պես նույն ժամն ընտրեց»:
Սիրիայի օբյեկտներին հարվածները հասցվեցին ապրիլի 14-ի գիշերը, մասնակցում էին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ռազմանավերը, բրիտանական ու ֆրանսիական ավիացիան: Հարվածների որոշումն ընդունվեց քիմիական հարձակման պատճառով, որ ենթադրաբար եղել է ապրիլի 7-ին Դումայում: Հարված հասցրած երկրները հայտարարում են, որ հրթիռներն ուղղվել են թիրախներին, որ կարող են կապված լինել քիմիական զենքի մշակման հետ: Ֆրանսիան հաստատում է, որ այդ զենքի ստեղծման գաղտնի ծրագիրը Սիրիայում գործում է 2013-ից: Ռուսաստանը հայտարարում է, որ քիմիական հարձակումը Դումայում բեմադրել է Արևմուտքը և հարվածները հասցվել են գիտական համալիրներին, որ վաղուց չեն օգտագործվում: Ռուս զինվորականների կյանքին հարվածները սպառնալիք չեն ներկայացրել:
Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանը նախապես տեղեկացրել է` որ օբյեկտներն են ռմբակոծվելու, և մարդիկ նախապես տարհանվել են: ՌԴ տվյալներով` զոհեր չկան ոչ սիրիացի զինվորականների, ոչ խաղաղ բնակիչների մեջ: Սիրիան հաղորդել է երեք վիրավորի մասին: Սիրիան ու Ռուսաստանը հաստատում են, որ սիրիական ՀՕՊ-ը խոցել է հրթիռների 13-ը: ՌԴ Գլխավոր շտաբը նշում է, որ ամերիկացիների 103 թևավոր հրթիռներից 71-ը խոցվել են: Արևմուտքն առայժմ թվեր չի հրապարակում, ԱՄՆ-ն միայն հայտարարել է, որ անցած տարվանից կրկնակի շատ էին, որ համապատասխանում է ՌԴ Գլխավոր շտաբի թվին: Հրթիռները խոցելու տվյալները առայժմ այլ աղբյուրներ չեն հաստատել:
Կարծում եմ՝ Սիրիայում սկիզբ դրված, աշխարհն իրար խառնող իրադարձությունների նպատակը ոչ միայն Ասադի և Սիրիայի, այլև ՌԴ և Իրանի հարցերը լուծելն է, Չինաստանին և մնացած մի քանի այլ պետություններին դաս տալը և առանց տաք պատերազմի, կապիտուլյացիայի ենթարկելը, Արևմուտքի հլու կամակատար գաղութի, ճորտի կամ ստրուկի վերածելը, ներկայիս աշխարհակարգն արմատապես փոխելը: Սրան են միտված ներկայումս ծավալվող ու հեռահար նպատակներ ունեցող իրադարձությունները: Բոլորովին այլ խնդիր է, թե Արևմուտքը մինչև վերջ կունենա՞ համարձակություն` Սիրիայում ռուսական ռազմաբազաներին հարվածելու կամ նույնիսկ ՌԴ քաղաքացիների արյունը թափելու, և կկարողանա՞ հասնել իր նպատակին` խուսափելով միջուկային համաղետից:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, հնարավոր է, նաև Ֆրանսիան, ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Սիրիայի վրա հարձակվելով, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները դրեցին մի դագաղի մեջ ու շատ խոր թաղեցին կամ, կարելի է նույնիսկ ասել, գցեցին Մարիանյան իջվածքի մեջ: Հենց արևմտյան այս պետությունները Ռուսաստանի դեմ լեգալացված թշնամության մի այնպիսի փուլի անցան, որի դեպքում այլևս հաշտություն ու հետդարձ դժվար թե լինի, հակառակը` տեսանելի է թշնամության հարաճուն աճ, որը ողջ մարդկության համար կարող է կործանարար հետևանք ունենալ…