Համացանցի ադրբեջանական տիրույթում Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանին և պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ տեղեկություններ են հայտնվել։
Հանցագործությունը կատարած ադրբեջանցի զինծառայողի տվյալներն են՝ Մամեդով Սարխան Սյանանի օղլը (Məmmədov Sərxan Sənani oğlu), ծնվել է 04.04.1991թ. Ադրբեջանի Բարդայի շրջանի Օթուզիքիլար գյուղում, Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի ենթասպա։ 2009թ ծառայել է Նախիջևանի զորամասերից մեկի հետախուզությունում, որից հետո ծառայության է անցել հատուկ նշանակության ուժերում։
Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Մամեդովը պատմել է, որ 2016-ի ապրիլին՝ մարտական գործողությունների ժամանակ, իրենց խմբով հարձակվել են Թալիշ գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերին օգնության հասնող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վրա, սպանելով վարորդին՝ կասեցրել են ավտոմեքենայի ընթացքը, որից հետո նա գլխատել է ավտոմեքենայի ուղևորին, ով կոչումով մայոր էր։ Մամեդովը նշել է նաև, որ վիրավոր մայորը ատրճանակով փորձել էր դիմադրել նրանց, երբ նրանք փորձում էին տիրանալ վերջինիս ինքնաձիգին։
Ամենայն հավանականությամբ, այս նույն խմբի կողմից է գնդակահարվել և խոշտանգվել նաև թալիշցի Խալափյանների ընտանիքը։
Ինչպես գիտեք, 2016թ-ի ապրիլի 2-ին Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերին «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով զինամթերք հասցնելու ճանապարհին մայոր Հայկ Թորոյանն ու Հրանտ Ղարիբյանը հայտնվել են ադրբեջանցի հատուկջոկատայինների դարանակալման մեջ, սպանվել և գլխատվել են։
2016թ հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունը հրապարակել է հարուցված քրեական գործերով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Հրանտ Ղարիբյանը գլխատվել է մահից հետո, իսկ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք։
Հ.Գ.. Սարխան Մամեդովը, ինչպես և Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի հատուկջոկատային Էլնուր Ֆարզալիևը, պարգևատրվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Մամեդովը 2016թ․ հունիսի 24-ին պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Պարգևատրման մասին հղումն՝ այստեղ։