Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այս հարվածները կապված էին օրերս Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրիական իշխանություններին և Ռուսաստանին զգուշացրել էր, որ հարվածելու են քիմիական զենքի արտադրության օբյեկտներին: ԱՄՆ-ն նաև մեղադրում է Ռուսաստանին սիրիական իշխանություններին աջակցելու հարցում, չնայած որ Ռուսաստանը պնդում է, որ ապացույցներ ունի, թե քիմիական զենքի կիրառումն ընդամենը բեմադրություն է եղել:
Սիրիայի օբյեկտներին հասցված հարվածները լուրջ միջազգային ռեզոնանս են առաջ բերել: Ընդհանուր առմամբ՝ միջազգային արձագանքը բաժանվում է երկու խմբի՝ երկրներ, որոնք աջակցում են այդ քայլին, և երկրներ, որոնք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից հարվածներ հասցնելը համարում են միջազգային իրավունքի խախտում: Իսկ սիրիական իշխանությունների հիմնական աջակից Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրելու Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները քննարկելու համար: Այս իրադարձությունից հետո սիրական հակամարտությունում ներգրավված երկրների միջև շահերի բախումն ավելի է խորանալու՝ բերելով նոր լարվածության, որը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև մեր տարածաշրջանի վրա: