Ամեն ինչ ավարտվում է ճիշտ այնտեղ, որտեղից սկսվել էր մեկ տարի ութ ամիս առաջ՝ կայարանում: Պատահական հանդիպում ու այդ հանդիպումից ծնված մաքուր ու անկեղծ սեր, որն ունակ էր պայքարելու ու ի վերջո հաղթելու ամենքին ու ամեն ինչին: Այսօր «Կայարան»-ի հեռուստադիտողները կդիտեն հեռուստասերիալի վերջին սերիան: Այս ամիսների ընթացքում ֆիլմը մշտապես գտնվել է առաջատարների ցուցակում ու սիրվել հեռուստադիտողի կողմից: Վերջին սերիայի վերջին տեսարանի նկարահանումներին ներկա է եղել նաև BlogNews.am-ը:
Հետաքրքիր, լարված ու էմոցիոնալ մի քանի վայրկյան, ու պրոդյուսեր Ելենա Արշակյանը հայտարարում է. «Շնորհակալություն, նկարահանումներն ավարտված են»: Բոլորը ծափահարում են ու շնորհավորում միմյանց։ «Նկարահանող խումբը գիշեր-ցերեկ ջանասիրաբար աշխատեց ու կարողացավ պատվով կատարել իր առջև դրված բարդ խնդիրը։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին եթեր հեռարձակվեց «Կայարան»-ի առաջին սերիան: Հնարավոր է՝ այս ընթացքը շատերի համար քիչ ժամանակահատված թվա, բայց իրականում մենք մի ամբողջ կյանք ենք ապրել դերասանների ու նկարահանող խմբի հետ: Այս ընթացքում ոմանք հասցրել են ամուսնանալ ու նույնիսկ երեխաներ ունենալ: Ես անչափ հուզված եմ, ու ինձ համար այսքանից հետո դժվար է բաժանվել ու ասել՝ շնորհակալություն, նկարահանոմներն ավարտված են: Շնորհակալ եմ մեր համբերատար հանդիսատեսին, որ տարի ու կեսից ավելի հավատարիմ մնաց ու հետևեց, թե ինչպիսի զարգացում ունեցան մեր հերոսների կենսագրությունն ու ճակատագիրը»,- հետհայացք գցելով անցած ճանապարհին՝ հեռուստասերիալի ընթացքն ամփոփում է պրոդյուսեր Ելենա Արշակյանը:
Ելենային ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանին բնորոշ ձեռագիր է՝ թողնել հարցականներ, որ հանդիսատեսն ինքը հասկանա, թե ինչ լուծում կարող էին ստանալ իրադարձությունները, բայց «Կայարանն» այդ դեպքը չէ ու եզակի է նաև այդ առումով. «Որոշեցինք, որ այս անգամ բացեր չենք թողի, և հանդիսատեսը կգտնի իր հարցերի պատասխանն ամբողջությամբ: Ամեն բան ստացել է իր հանգուցալուծումը»:
«Կայարանի» միջոցով էկրան բարձրացան տաղանդավոր նոր դերասաններ։ Սա պրոդյուսերի կարևորագույն խնդիրներից մեկն էր. «Յուրաքանչյուր անգամ նոր նախագիծ սկսելիս իմ առջև խնդիր եմ դնում, հետաքրքիր սյուժե ունենալուց զատ, էկրան բերել նոր դեմքերի: Երիտասարդ դերասաններից հեռուստասերիալում ներգրավվեցին Քրիստինե Կույումչյանը և Վարուժան Մարգարյանը: Երկուսն էլ տաղանդավոր դերասաններ են, ու կարծում եմ՝ հետագայում իրենց տեղը կգտնեն ինչ-որ նախագծում: Կային նաև այնպիսի դերասաններ, որոնց հետ համագործակցության տարիների փորձ ունեմ, և որոնց ներկայությունը շատ կարևոր գործոն էր նախագծի համար»,- եզրափակեց Ելենա Արշակյանը: